Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՆԳՍՏԱՑԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ, ՀՀՇ-Ն ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ

Քաղաքականություն

«Իշխանությունները եկան մեզ հայհոյելով եւ շարունակում են այն նաեւ հիմա: Ինչու՞ են մեզնից այդքան վախենում՞: Ճիշտ են անում, որովհետեւ չենք հանդուրժելու անօրինական իշխանություն»,- հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը` մամլո ասուլիսի ժամանակ:

Ասուլիսն ըստ նրա հարկադրված քայլ էր` ՀՀՇ- ի դիրքորոշումը հայտնելու վերջին օրերի իրադարձությունների եւ հատկապես «ՀՀՇ- ական ռեվանշիստների» վերադարձի մասին իշխանությունների բամբասանքին պատասխան տալու համար:

«Հանգստացեք պարոնայք, ՀՀՇ-ն չի վերադառնում»,- հայտարարեց պրն Շահնազարյանը: Նա պաշտոնապես դիմեց Հանրային հեռուստատեսությանը, որպեսզի օրենքով, սահմանված կարգով եթերաժամ հատկացվի իրենց` պատասխանելու համար բոլոր «հերյուրանքներին»:

Այնուհետեւ հայտնեց ՀՀՇ-ի դիրքորոշումը նախագահական ընտրությունների մասին: Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ իրենց գերխնդիրն այն է, որ Հայաստանում հաստատվի օրինական իշխանություն, իսկ դա կլինի միայն այն դեպքում, եթե ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնի Հայաստանի քաղաքացի:

Ինչ վերաբերում է ԿԸՀ հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանի հայտարարած 49.8 տոկոսի մասին, ապա ըստ Դավիթ Շահնազարյանի` իշխանության թեկնածուի ձայները կեղծված են ավելի քան կես մլն ձայնով, Քոչարյանի օգտին քվեարկածների իրական թիվը չի գերազանցում 14 տոկոսը:

Թերահավատներին պրն Շահնազարյանը խորհուրդ տվեց պարզ հաշվարկ կատարել: Ըստ ՀՀՇ-ի հաշվարկի ընտրողների պաշտոնապես հայտարարված թիվը` 2 մլն 300 հազարը հնարած է, որովհետեւ ողջ Հայաստանում անգամ այդքան մարդ չի ապրում: ՀՀՇ-ն հայտարարում է, որ ԿԸՀ-ի հրապարակած արդյունքը քաղաքական որոշում է եւ հրամայված է վերեւից: Իսկ առաջին փուլում Քոչարյանին հաղթող ճանաչելու համար իշխանություններին խանգարեց ՀՀ քաղաքացիների ընտրություններին մասնակցելու ակտիվությունը եւ բազմահազարանոց հանրահավաքները:

ՀՀՇ-ի անունից Դավիթ Շահնազարյանը կոչ արեց ժողովրդին` մասնակցել հանրահավաքներին եւ չվախենալ իշխանության սպառնալիքներից: Դավիթ Շահնազարյանը անդրադարձավ նաեւ վերջին օրերի ռեպրեսիաներին: Նա հայտարարեց, որ բոլոր ձերբակալվածները քաղաքական բանտարկյալներ են:

Ինչ վերաբերում է երկրորդ փուլ անցած թեկնածուին` բանավեճի հրավիրելու իշխանությունների պահանջին, ապա ՀՀՇ-ում կարծում են, որ ավելի արդյունավետ կլինի, եթե այն ընթանա բազմահազարանոց հանրահավաքների ժամանակ. «Եթե Քոչարյանը էդքան տղամարդկություն ունի, թող դուրս գա ժողովրդի առաջ», ամփոփեց Դավիթ Շահնազարյանը` կրկնելով ՀՀՇ-ի դիրքորոշումը, «ով էլ ընտրվի մենք ընդդիմադիր ենք»: