Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿՈՒԺ ՔԵԶ ԵՄ ԱՍՈՒՄ, ԿՈՒԼԱ ԴՈՒ ԼՍԻՐ»

Քաղաքականություն

Չարտոնված երթի մասնակցելու մեղադրանքով` փետրվարի 22-ին, 23-ին, 24-ին մի քանի տասնյակ քաղաքացիներ Հայաստանի առաջին ատյանի դատարանների կողմից ենթարկվել են վարչական կալանքի եւ տուգանքի:

«Մենք գործ ունենք ոչ թե մի քանի տասնյակ զանցառուների, այլ մի քանի տասնյակ քաղբանտարկյալների հետ, որոնք պաշտպանել են իրենց ընտրական իրավունքը», - հայտարարում էր «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Բլեյանը:

Վարչական պատժի են ենթարկվել հիմնականում ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի վստահված անձինք, նախընտրական շտաբների պետեր, «Հանրապետություն» կուսակցության եւ ՀԺԿ տարածքային կառույցների ղեկավարներ: «Ինչու՞ ինձ էլ չեն ձերբակալել. ես էլ եմ երթի մասնակցել: Թող բոլորին ձերբակալեին, ոչ թե միայն երթի ակտիվիստներին»,- դժգոհում էր Աշոտ Բլեյանը: Ըստ նրա, Հայաստանի դատարանները դարձել են «պատժիչ մեքենաներ», որոնք «իրավական դաշտից դուրս անօրինական որոշումներ են կայացրել»:

Քաղաքացիները պատժվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 172 / մանր խուլիգանություն/ եւ 180 / փողոցային երթերի ու ցույցերի անցկացման սահմանված կարգի խախտելը/ հոդվածներով նախատեսված զանցանքները կատարելու համար: « Զանցառուներից ոչ մեկը չի պատժվել կոնկրետ անձի նկատմամբ կոնկրետ զանցանք գործելու համար», - հայտարարում են «Տանիք» կազմակերպության անդամները, - «Նրանք դատվել են «շաբլոն» վճռով»: Իրավապաշտպանների գնահատմամբ, այս ձերբակալությունները «ահաբեկչություն են դատարանների միջոցով»:

«Ընտրակեղծիքներ արձանագրածներին հաթաթա են տալիս», - նշեց «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Հայտարարության հեղինակների կարծիքով, ոչ միայն խախտվել են ՀՀ քաղաքացիների իրավունքները, այլեւ «ստեղծվել են անհաղթահարելի խոչընդոտներ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի համար»:

«Անհապաղ ազատ պետք է արձակվեն ձերբակալվածները, եւ Պաշտպանության նախարարության կոլեգիան չեղյալ պետք է համարի այն հայտարարությունը, որ բանակը կանգնած իշխանությունների կողքին», -պահանջում են իրավապաշտպանները: Հակառակ դեպքում, «ՀՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլը պետք է հետաձգվի` Ընտրական օրենսգրքի պահանջին համապատասխան»:

Իրավապաշտպանները իրենց բողոքը ներկայացրել են լխավոր դատախազությանը, միջազգային կազմակերպություններին: Ըստ Աշոտ Բլեյանի, իրենք ոչինչ չեն ակնկալում միջազգային կազմակերպություններից. «Կոմիտասն ասում էր` ամեն մեկը իր երգը իր տանը պիտի երգի: Այս ամենը մենք մեր հասարակության համար ենք անում»: