Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷԼ ՈՆՑ ԴԻՄԱՆԱՆՔ

Քաղաքականություն

Հոդվածի այս մասում ակնկալում էինք ներկայացնել ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի խոսքերից մի հատված, սակայն պարզվեց, որ մամլո ասուլիս հրավիրած ԱՀ կուսակցության առաջնորդը ասելիք չունի:

Ավելի ճիշտ, նա իր ասելիքը գրել էր հայտարարության տեսքով, որն էլ կարդաց իրեն հյուրընկալած բազմաթիվ լրատվամիջոցների համար եւ անմիջապես հեռացավ՝ անպատասխան թողնելով վերջիններիս հարցերը:

Ոչ այնքան զարմացած, որքան ծիծաղելի վիճակում հայտնված լրագրողներիս հույսը մնաց հայտարարության տեքստը: Իսկ ինչ է գրված այնտեղ:

Համեստությունից երբեք չբողոքող թեկնածուն նշել է՝ «քանի որ ես հավակնում էի, որ ժողովուրդը առաջիկա հինգ տարիներին երկիրը կառավարելու իր իրավունքը վստահի ինձ, ապա ես պարտավոր էի վստահել բոլորին, ուստի հայտարարեցի, որ փետրվարի 19- ին ցանկացած քաղաքացի հանդիսանում է նաեւ իմ վստահված անձը: Սակայն, ընտրությունների արդյունքները իմ մասով կասկածելի են, իսկ որեւէ վստահված անձ այդ մասին չահազանգեց»:

Եթե եզրակացություն կատարենք այս խոսքերից, ապա վստահաբար կարող ենք ասել, որ հայ ժողովուրդը կորցրեց իր վստահությունը Արամ Հարությունյանի աչքում, քանի որ նա «չկարողանալով հենվել նրանց տեղեկատվության վրա», հետեւաբար ԱՀ նախագահը չի կարող ասել, թե տեղի ունեցած խախտումները ընտրությունների արդյունքների վրա ազդել են, թե ոչ:

Իսկ ինչ էր մնում անել ընտրության արդյունքներից հիասթափված եւ վիրավորված թեկնածուին, եթե ոչ հայտարարել՝ մոտավորապես հետեւյալը՝ ոչ ինձ, ոչ քեզ:

«Դիտելով նախագահական ընտրությունները գաղափարախոսությունների մրցակցություն եւ հավատարիմ մնալով «Ազգային համաձայնություն» կուսակցության սկզբունքներին՝ հայտարարում եմ, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում չեմ սատարի Դեմիրճյան Ստեփան Կարենի թեկնածությունը», ասված է հայտարարության մեջ:

Այս տողերին անմիջապես հետեւում է հայտարարության թերեւս շատերի համար սպասված հատվածը՝ «երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուներին, նրանց սատարող ուժերին եւ ողջ հասարակությանը կոչ եմ անում ցուցաբերել հանդուրժողականություն եւ առաջնորդվել երկրի կայունության եւ անվտանգության մտահոգությամբ»:

Բնականաբար հասկանալի է, թե ինչու Արամ Հարությունյանը հստակ չի նշում ի սկզբանե իր կողմից ընտրած թեկնածուի անունը, քանի որ վերջինս նրանով հպարտանալու առանձնապես բան չունի: