Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ

Քաղաքականություն

Ընդդիմությունն առայժմ չի գնա նախագահական ապարատ եւ չի պահանջի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը: Սա էր ընդդիմության որոշումը այսօր Մատենադարանի մոտ հրավիրված մոտ 200 հազարանոց հանրահավաքի վերջում:

Մինչ այդ մասնավորապես ելույթ ունեցող Ալբերտ Բազեյանը նկատեց, որ «իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում կոտրելու հայ ժողովրդի ոգին»:

Այսօրվա հանրահավաքում ելույթ ունեցողները հիմնականում անդրադարձան Ռոբերտ Քոչարյանի երեկ արտահայտած մի շարք մտքերին: Մասնավորապես որակումներ էին տրվել Ստեփան Դեմիրճյանի շրջապատի հասցեին:

Ալբերտ Բազեյանն այդ առթիվ ասաց. «Ովքե՞ր են Քոչարյանի շրջապատում` Մուկը, Սերվիսի Անդոն, որը վայելում էր նախկին իշխանությունների հովանավորությունը, որն ասում էր, որ Քոչարյանի համար 250 հազար դոլար է ծախսել եւ պիտի էդ ծախսը հանի, Ճոյտը, Լոնդիկը, Հերոյան Ալբերտը, Դավիթ Հարությունյանը»:

Այսօր պարոն Բազեյանը նոր պահանջներ ներկայացրեց իշխանություններին` հետ կանչել ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանին` կեղծարարություններ թույլ տալու համար:

Ըստ պարոն Բազեյանի, հրաժարական պիտի տան Սերվիսի Անդոն, Մուկը, Դավիթ Հարությունյանը եւ ՀՀ գլխավոր ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:

Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը նոր տվյալներ ներկայացրեց ընտրակեղծիքների վերաբերյալ: Ըստ նրա, Գյումրիի 418 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահը քվեարկության ավարտից հետո քվեատուփի ամբողջ պարունակությունը լցրել է սեղանին, որի իրավունքը չուներ:

Գյումրիի թիվ 120 տեղամասում Ստեփան Դեմիրճյանի օգտին տրված անվավեր քվեաթերթիկները վավեր են ճանաչվել Ռոբերտ Քոչարյանի օգտին:

Նոր Նորքի թիվ 71 տեղամասում հանձնաժողովը 106 հավելյալ քվեաթերթիկ է հաշվել Ռոբերտ Քոչարյանի օգտին:

Պարոն Հարությունյանն անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի օգտին Պաշտպանության նախարարության կոլեգիայի երեկ ընդունած հայտարարությանը:
«Եթե թշնամի եք փնտրում, հանցավոր ռեժիմին նայեք»,-ասաց Գրիգոր Հարությունյանը:

«Հանրապետություն» կուսակցության անդամ Արամազդ Զաքարյանը հայտարարեց, որ Հայաստանի բոլոր դժբախտությունները գալիս են մեկ մարդուց` Ռոբերտ Քոչարյանից:
Ըստ պարոն Զաքարյանի, Քոչարյանն այս երկրում անելիք չունի, քանի որ իբրեւ պետական գործիչ մահացած է:

ՍԻՄ կուսակցության առաջնորդ Հրանտ Խաչատրյանն ասաց. «Մենք չգիտենք, թե ով է լինելու ժողովրդի ընտրյալը, բայց մենք գիտենք, որ ժողովուրդը հաղթելու է»:

«Եթե հավատանք, որ Քոչարյանը հավաքել է 700 հազար ձայն, միեւնույն է, մյուս 700 հազարը ժողովուրդը տվել է ընդդիմությանը եւ դրանց մեջ չկան մեռած հոգիներ, ծախվածներ»,- ասաց Հրանտ Խաչատրյանը:

ԱԺՄ կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը բոլոր զինվորականներին, կրոնական գործիչներին, ուսուցիչներին ու մտավորականներին կոչ արեց միանալ ժողովրդին:

Ալբերտ Բազեյանը հենց հանրահավաքի ժամանակ ցանկացավ իմանալ, թե հավաքվածներից ովքեր են քվեարկել Ստեփան Դեմիրճյանի օգտին: Վերջինս միակն էր, ով ձեռք չբարձրացրեց:

ԱԺ պատգամավոր, կոմունիստ Խորեն Սարգսյանն իր խոսքն ուղղեց Ռոբերտ Քոչարյանին. «Դու զբաղվել ես բասկետբոլով, երբեւէ տեսե՞լ ես, որ 4-րդ տեղ գրաված մարդը առաջինի հետ ֆինալ դուրս գա»:

Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին անհանգստացրել էին գործող նախագահի մտքերը Դեմիրճյանի շրջապատի մասին:

«Չյա բի կոռովա միչալա, տվոյա բի մոլչալա...»,- ասաց պարոն Սարգսյանը: Մասնակիցների համար ընթերցվեց 2001-ի սեպտեմբերի 24-ին «Պապլավոկում» սպանված Պողոս Պողոսյանի եղբոր ուղերձը հանրահավաքի մասնակիցներին:

Ուղերձում նշված էր, որ «Ստեփան Դեմիրճյանն ստացել է ժողովրդի քվեն եւ Դաշնակցության շարքային անդամների մեծ մասը շատ ուրախ է դրա համար»:

ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը չէր ուզում խոսել: Նա միայն ասաց, որ իշխանությունների «երգը երգված է, հարց չկա, ընդամենը մի քանի օրից ժողովուրդը սիրված նախագահ է ունենալու»: ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը նկատեց, որ վերջնականապես սեպ է խրվել հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ: «Քոչարյանի հեռանալով այդ սեպն էլ է հեռանալու»,-ասաց ԱԺԿ առաջնորդը:

Հայաստանի կոմկուսի 2-րդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը հիշեց Սերժ Սարգսյանի այն միտքը, որ ընտրությունների ընթացքում արված կեղծիքների հեղինակն ընդդիմությունն է. «Դրանով նա խոստովանեց, որ իրենք են արել, որովհետեւ իրենք են այսօր ընդդիմություն»:

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին կոչ արեց հանգիստ հանձնել իշխանությունը:

Արամ Զավենի Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին հրավիրեց մասնակցելու հանրահավաքին տեսնելու, թե քանի մարդ է մասնակցում միտինգին. «Տեսեք, որ էս միտինգը մի քանի անգամ ավելի շատ է, քան` նախորդը»:
«Ձերբակալություններով ոչնչի չեք հասնի»,- ասաց պարոն Սարգսյանը:

Նա զարմացած էր Քոչարյանի այն սպառնալիքից, թե «կպատժեմ, կվախեցնեմ»: «Ժողովուրդը մեր հետ է, մենք վայելում ենք էդ հաճույքը, իսկ դուք վայելում եք վախը»,- նշեց նա:

Պարոն Սարգսյանը տեղեկացրեց, որ երկրի մի շարք բնակավայրերից մայրաքաղաք են տեղափոխվում բանակային ստորաբաժանումներ: «Դու մեր երկրի անվտանգության մասին մտածե՞լ ես»,- գործող նախագահին դիմելով հարցրեց նա: «Բանակը սահմանները պաշտպանելու համար է»,- հայտարարեց նա:

Նա ասաց, որ Քոչարյանին առաջարկում է հրաժարական տալ, «այլ տարբերակ գոյություն չունի»:
«Մենք կարող ենք 8-րդ, 10-րդ փուլերով էլ ընտրություններ անել, բայց առանց Քոչարյանի»,-ասաց Արամ Սարգսյանը:

Նա հավաքվածներին հիշեցրեց նախորդ միտինգում կայացրած պայմանավորվածությունը. «ԿԸՀ-ն երեկ պիտի հայտարարեր իրական արդյունքները եւ մենք պետք է ստուգեինք` դա համապատասխանու՞մ է մեր ունեցած տվյալներին: Եթե ոչ, մենք պիտի գնայինք նախագահական ապարատ եւ պահանջեինք Քոչարյանի հրաժարականը»: Այսօր Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ սցենարը փոխվել է. «Մինչեւ Արտակ Սահրադյանը չներկայացնի իրական տվյալները, մեր ցանկացած քայլը կդիտվի ոչ իրավական, ամբիցիաների դրսեւորում»:

Պարոն Սարգսյանն ասաց, որ այսօր կբավարարվեն երթով. «Բայց եթրի ուղին չեմ ասի` թող մտածեն, թե զինվորներին որ ուղղությամբ վազեցնեն»: «Էս հանրահավաքները լինելու են, քանի դեռ Քոչարյանը չի հեռացել»,-ելույթն ավարտելով ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը:

Հաջորդ հանրահավաքը հրավիրվեց փետրվարի 26-ին ժամը 14-ին:

Վերջինը խոսեց նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը: Նա ասաց. «Նախ շրջապատի մասին: Ես շատ հպարտ եմ իմ շրջապատով: Ուրախ եմ, որ այս քաղաքական ուժերն են իմ կողքին եւ մենք ձեր հետ միասին մեր երկիրն այս վիճակից դուրս ենք բերելու: Կառավարելի թեկնածուի մասին (Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունն է-Մ. Ա.): Կառավարել է այն նախագահը, ով ոչ թե ընտրվում է, այլ` նշանակվում: Ես ղեկավարվելու եմ պատասխանատվության զգացումով եւ իմ խղճով: Միայն ժողովրդի կողմից ընտրված նախագահը կարող է պայքարել կոռուպցիայի դեմ: Մենք մեր նպատակներին հասնելու ենք օրինական ճանապարհով, բայց հետեւողականորեն ու հաստատակամ ենք լինելու: Այսօր վիրավորված է մարդկանց արժանապատվությունը: Դրա համար է ժողովուրդը գալիս էստեղ: Սա չեն հասկանում: Բայց որտեղի՞ց հասկանան»:

Ի դեպ, հանրահավաքի վերջում Ալբերտ Բազեյանն ասաց, որ իրենք նախագահի նստավայր կգնան միայն իշխանությունն ընդունելու համար:

Նշենք նաեւ, որ երեկ Ստեփան Դեմիրճյանը հայտարարել էր, որ այսօրվա հանրահավաքն ավելի շուտ հանդիպում է ընտրողների հետ: Այդ հանդիպումից հետո տեղի ունեցավ երթ:

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով ավելի քան 100 հազար մարդ քայլեց մինչեւ օպերայի հրապարակ, որտեղ տեղեկացավ, որ «տները ցրվելու ժամանակն է»: