Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԱՔՍԻՍՏՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ ԷԻՆ / VIDEO /

Հասարակություն


Այսօր առավոտյան 500-ից ավելի անհատ տաքսիստներ իրենց ավտոմեքենաներով Արցախի փողոցից ի նշան բողոքի՝ ազդանշանները միացրած շարժվում էին դեպի Հանրապետության հրապարակ: Հիշեցնենք, որ տաքսիստները բողոքում են ՀՀ կառավարության այն որոշման դեմ, ըստ որի՝ արգելվում է շահագործել 10 տարվա վաղեմություն ունեցող ավտոմեքենաները: Բացի այդ՝ նրանք բողոքում էին հարկային տուրքերից, ավտոմեքենաներում հաշվիչների, դեղին համարանիշների տեղադրումից եւ պահանջում էին հնարավորություն տալ միայն ամսեկան վճարել հաստատագրված 10 հազար դրամ:


Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել եւ թույլ չեն տվել տաքսիստներին Արցախի փողոցից առաջ շարժվել դեպի հրապարակ: Արդյունքում տաքսիները բաժանվել են մի քանի խմբերի. մի մասը մնացել էր հենց Արցախի փողոցում, իսկ մյուս մասին, այնուամենայնիվ, հաջողվել էր ինչ-որ կերպ հասնել հրապարակ ու կայանվել շատրվանների մոտ:


Արցախի փողոցում մնացած տաքսիստներն, իրենց պատմելով, հրապարակ կարողացել են հասնել միայն, երբ հանել են իրենց տաքսու նշանները եւ որպես սովորական մեքենա առաջ շարժվել: Ոստիկանության աշխատակիցները նրանց զգուշացրել էին, որ եթե նրանք փորձեն մտնել հրապարակ, ապա բոլորին կտանեն տուգանային հրապարակ: Եվ իսկապես, տաքսիստներին զուգահեռ Հանրապետության հրապարակ հասան նաեւ ոստիկանության մեքենաներն ու կարմիր բերետավորները: Վերջիններս տաքսիստներին պարտադրում էին դուրս գալ փողոցի բանուկ հատվածից եւ չխանգարել երթեւեկությանը:


Ճանապարհային ոստիկանության գումարտակի պետ, մայոր Հայկազ Մաթեւոսյանը տաքսիստների հետ զրույցում համոզում էր նրանց գնալ տուն եւ սպասել՝ մինչեւ բարձրացրած հարցերին լուծում կտրվի: Դրա համար նա խոստացավ 10 օր չանհանգստացնել անհատ տաքսիստներին, եթե անգամ նրանց մեքենաները դեռ սպիտակ պետհամարանիշներով լինեն, հաշվիչներ չունենան եւ մեքենան էլ 10 տարվա հնության լինի: Տաքսիստները, սակայն, Մաթեւոսյանի հետ չհամաձայնվեցին՝ ասելով, թե իրենք կառավարության շենքի մոտ չեն եկել ուղղակի ժամանակ երկարաձգելու, այլ ցանկանում են իշխանություններին հասկացնել, որ իրենք ներկայացված պայմաններով չեն կարող աշխատել:


Այս ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը եւ 4 տաքսիստից բաղկացած փոքրիկ պատվիրակությունը մեկ ժամից ավելի հանդիպում ունեցավ ՀՀ Տրանսպորտի եւ կապի փոխնախարարի, ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ: Զրույցի ընթացքում երկկողմ պայմանավորվել են, որ մինչեւ 2009թ. հունվարի վերջ չանհանգստացնել տաքսիստներին ու այս ընթացքում որոշեն՝ որ դեպքերում ընդառաջեն տաքսիստներին, որ դեպքում նրանց պարտադրեն կատարել կառավարության պահանջներըը: Սակայն, ըստ Ալավերդյանի՝ միակ անլուծելի խնդիրը շարունակում է մնալ 10 տարվա վաղեմություն ունեցող մեքենաները, որոնք պարտադիր պետք է փոխվեն: Նոր մեքենաների ձեռք բերման հարցը, սակայն, ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ թողեցին Նոր տարվա տոնակատարություններից հետո:


Կառավարության շենքի մոտից հեռանալիս տաքսիստները պայմանավորվեցին, այսպես ասած՝ «ՏԵՑ-ի կրուգում» նորից հավաքվել հունվարի 16-ին ու տեսնել, թե ինչ առաջխաղացում եղել է այս ընթացքում: