Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Քաղաքականություն

Այսօր տեղի ունեցած հանրահավաքն ամենաբազմամարդն էր վերջին մի քանի օրերին հրավիրած հանրահավաքներից: Կազմակերպիչների կարծիքով այն հասնում էր մինչեւ 200 հազար մարդու:

Փաստ է, որ փակվել էր Մաշտոց-Մոսկովյան փողոցների խաչմերուկը: Դա Մատենադարանից սկիզբ առնող երրորդ խաչմերուկն է:

Ինչպես պարզ դարձավ «Սոցիալիստական Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Խաչատրյանի ելույթից, իրավապահ մարմինները կանգնեցրել եւ դատարկել են Արմավիրից եկող ավտոբուսները:

Վայոց ձորի մարզի Գնդեվազ եւ Մալիշկա գյուղերի բնակիչները հանրահավաք են եկել ոտքով:

«Ծափահարություններ նրանց»,-ասաց Վարդան Խաչատրյանը: Ըստ նրա, Արտաշատ-Երեւան մայրուղու երթուղային ավտոբուսներից ոստիկաններն իջեցնում են տղամարդկանց:

Ըստ հանրահավաքը վարողի, Աշտարակում իրավապահները ջարդել են տեղական հեռուստաընկերության տեսախցիկը, իսկ օպերատորին տարել են Ներքին գործերի բաժին:

Օպերատորի «մեղքն» այն էր, որ նկարահանել է, թե ինչպես են ոստիկանները մարդկանց իջեցնում ավտոբուսներից եւ ոտքով ետ ուղարկում:

Ի դեպ, վերջին տվյալներով, հանրահավաքից անմիջապես առաջ փակվել են մարզերից Երեւան մտնող բոլոր ճանապարհները: