Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ 2-ՐԴ ՓՈՒԼԻՆ

Քաղաքականություն

2-րդ փուլում մենք համոզված ենք մեր հաղթանակում,- այսօր հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը: Վերջինս միաժամանակ նկատեց, որ խնդիրն այն չէ` 2-րդ փուլ լինելու է, թե ոչ, այլ այն, որ «նման ձեւով ընտրություններ չեն անում»:

«Ես ինձ երկրի նախագահ չեմ հռչակել, ես ասում եմ` զանգվածային կեղծիքներ են տեղի ունեցել, թվերը կեղծ են, Ռոբերտ Քոչարյանն այդքան ձայն չի ստացել», - նշեց նախագահի թեկնածուն:

Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ իշխանություններ անցել են բացահայտ բռնությունների, «մարդկանց են ձերբակալում»: Ձերբակալված 50 անձանցից 34-ը, ըստ պարոն Դեմիրճյանի, իր շտաբների ղեկավարներն են: «Սա է այս իշխանության դեմքը»,- նկատեց ՀՀ նախագահի թեկնածուն:

Վերջինիս տեղեկացրեցին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի այն հայտարարության մասին, ըստ որի վաղվա հանրահավաքն արտոնված չէ: Պարոն Դեմիրճյանը հայտարարեց. «Որեւէ մեկը չի կարող ինձ խանգարել վաղը հանդիպել իմ ընտրողների հետ եւ նաեւ խորհուրդ կտայի այդ հանդիպումը խոչընդոտելու անհեթեթ փորձեր չանել»:
Իր հայտարարությունը Ստեփան Դեմիրճյանն ուղղեց Ռոբերտ Նազարյանին եւ Ռոբերտ Քոչարյանին:

Այն հարցին, թե կհանդիպի Ռոբերտ Քոչարյանի հետ, թեկնածուն ասաց. «Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու առաջարկ չեմ ստացել, ցանկություն չունեմ: Ի՞նչ խոսես մի մարդու հետ, որը հովանավորում է կեղծարարներին: Կպատժի, կնստենք կխոսենք»: