Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՅ-Ն ԻՆՏՐԻԳՆԵՐՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ

Քաղաքականություն

Այսօր ժամը 20-ին լրացավ նախագահական ընտրությունների նախնական տվյալները հրապարակելու ժամանակը, սակայն ԿԸՀ որեւէ տվյալ այդպես էլ չհայտնեց:

Չհաստատվեցին այն լուրերը, թե ԿԸՀ-ն պատրաստվում է հայտարարել, որ նախնական տվյալների համաձյան Ռոբերտ Քոչարյանը հավաքել է 52 տոկոս ձայն եւ երկրորդ փուլ չի կայանալու: Բոլոր դեպքերում այս լուրերը կարող են իրականություն դառնալ մինչեւ փետրվարի 25-ը` ընտրությունների վերջնական տվյալների հրապարակման օրը: Ընտրական օրենսգիրքը նման հնարավորություն ԿԸՀ-ին տալիս է: Եվ քանի որ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը առանց նախնական ամփոփ տվյալները ձեռքի տակ ունենալու իրեն թույլ տվեց երկրորդ փուլ հայտարարել, ոչ ոք չի կարող բացառել, որ երկրրոդ փուլի պատրաստություն սկսած Սահրադյանը կարող է հայտարարել, որ Քոչարյանը հաղթել է առաջին փուլով:

Ինչեւէ ԿԸՀ-ն այսօր հաստատեց նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների օրացուցային պլանը, թեկնածուների նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների եւ ծախսերի հաշվառման կարգը եւ ԶԼՄ-ներով քարոզչություն հաստատելու կարգն ու գրաֆիկը:

Որոշման համաձայն երկրոդ փուլ անցած թեկնածուների նախընտրական քարոզչությունը սկսվում է 2003 թ-ի փետրվարի 26-ին` ժամը 00-ից եւ ավարտվում 2003 թ-ի մարտի 3-ին` ժամը 24-ին:

ՀԺԿ ներկայացուցիչ Վարդան Մկրտչյանը նկատեց, որ ԿԸՀ-ն նման որոշմամբ խախտում է Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որ քարոզարշավը սկսվում է թեկնածուների գրանցման հաջորդ օրը: Անտսելով օրենսգրքի պահանջը, ԿԸՀ-ն քարոզչության սկիզբ ընդունեց փետրվարի 26-ը:

Հանրային հեռուստատեսության եթերաժամով` անվճար եւ վճարովի հիմունքներով քարոզչությունը իրականացվում է փետրվարի 26-ից մարտի 3-ը`ժամը 19-ից մինչեւ 20-ը: Հանրային ռադիոընկերության անվճար եթերաժամը, յուրաքանչյուր օր, հատկացվում է ժամը 14.30-ից մինչեւ 15.30, իսկ վճարովի եթերաժամ կտրամադրվի 21.40-ից մինչեւ 22.40: Թեկնածուներն իրավունք ունեն հանրային հեռուստատեսության եթերաժամից անվճար օգտվել ոչ ավելի, քան 15 րոպե, իսկ ռադիոընկերության եթերաժամից 30 րոպե: