Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԱՐՍՏՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՆՑՆՈՒՄ Է 60-ԻՑ

Քաղաքականություն

Արարատի մարզում ձերբակալվածների ընդհանուր թիվը անցել է մոտ 60-ը: Միայն Արտաշատ քաղաքում ձերբակալվել է ավելի քան 15 մարդ:

Արտաշատում Ստեփան Դեմիրճյանի շտաբի պետ Արամայիս Բարսեղյանը մեզ հայտնեց, որ ձերբակալությունների մասին առաջին ահազանգը ստացել է առավոտյան ժամը յոթին: Այնուհետեւ ահազանգերը հետեւել են մեկը մյուսին: Արեւշատ, Մոշավան, Բաղրամյան գյուղերից եւ Մասիսի տարածաշրջանից ահազանգել են ձերբակալվածների հարազատները եւ Ստեփան Դեմիրճյանի շտաբի աշխատակիցները:

Արամայիս Բարսեղյանը անուն առ անուն թվեց բոլոր ձերբակալվածների անունները: Ձերբակալվածների մեջ շատ էին հատկապես վարորդները, որոնցից մեկին ծեծի ենթարկելուց եւ ահաբեկելուց հետո ազատ են արձակել:

Արամայիս Բարսեղյանի ասելով, վարորդներին ահաբեկում են, որպեսզի նրանք չհամարձակվեն կիրակի օրը կայանալիք հանրահավաքին գյուղերից մարդ տեղափոխեն:

Ի դեպ, ձերբակալելու իրավունքը տրված է եւ ՆԳ եւ ԱԱ մարմիններին: Պրն Բարսեղյանը պարզաբանություն ստանալու համար դիմել է Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանին, սակայն մարզպետը հայտարարել է, որ տեղեկություն չունի ձերբակալությունների մասին: Ստեփան Դեմիրճյանի շտաբի պետը մեկ ժամ ժամանակ է տվել մարզպետին` ձերբակալվածների հարազատներին տեղեկություւն տալու համար:

Ալիկ Սարգսյանի պատասխանն ակնկալելու հույսով արտաշատցիների մոտ 200 հոգանոց խումբ երթ կազմակերպեց դեպի մարզպետարան: Այստեղ նրանց սպասում էր պահակախումբ: Շենք ներթափանցելու որեւէ հնարավորություն չկար:

Սակայն երկար բանակցություններից հետո, Ալիկ Սարգսյանին մոտիկից տեսնելու հնարավորություն ստացան երկու լրագրողներ եւ Արամայիս Բարսեղյանը: Վերջինիս պահանջը, որ ինքը մարզպետի մոտ կմտնի միայն լրագրողների հետ` մերժվեց: Արարատի Մարզպետ Ալիկ Սարգսյանը սկզբում նրան ընդունեց եւ միայն կես ժամ անց ընդունեց լրագրողներիս:

Մարզպետը բառացիորեն կրկնեց, որ ինքը անտեղյակ է եղելությունից, կապ չունի ձերբակալությունների հետ, ու թեեւ ինքը մարզպետ է եւ պաշտպանում է արտաշատցիների շահերը, սակայն իրավապահ մարմինների գործողություններին միջամտելու իրավունք չունի: