Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ. «ԻՆՔՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԱՄԵՆՈՒՐ»

Մշակույթ

«Դերասանը միշտ պետք է վարժանքի մեջ լինի եւ սերիալների մեջ մասնակցությունները աշխարհով մեկ ընդունված պրակտիկա է: Դերասանը մշտապես պետք է արտահայտի իր ցանկությունները, իր մոտեցումները եւ այն դերասանը, ով իրոք մասնագիտացած է, հմտացած է իր վարպետության մեջ, սերիալում էլ կարող է դրսեւորվել»,-ասում է դերասան Ազատ Գասպարյանը:

«Ա1+»-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, թե դերասանը իրավունք ունի սերիալներում նկարահանվելու, իսկ դրանց որակը, բովանդակությունն ու մնացյալը այլ հարցեր են:

Պատասխանելով վերջին շրջանում մեկ այլ համատարած նորաձեւ երեւույթի` «դերասան-շուոմեններ» միտումի մասին հարցին` Ազատ Գասպարյանը նշեց, որ հենց բառը` «դեր ասող» եւ «շոու վարող» արդեն ամեն ինչ ասում է:

«Դրամատիկական թատրոնի դեր ասողը` դերասանը եւ համերգավարը կամ շոումենը տարբեր մասնագիտություններ են, եւ եթե դերասանները երբեմն-երբեմն կարող են իրենց թույլ տալ համերգ վարել, ապա հակառակը անընդունելի է: Շոումենը դերասանական արվեստ մտնել չի կարող»,-ասաց նա:

Ազատ Գասպարյանը ցավով նշում է, որ մենք ունեցել ենք տարբեր ուղղությունների` արեւմտյան եւ ռուսական, հասուն դերասանական դպրոցներ, սակայն այսօր այդ պրակտիկան շարունակողներ չկան:

«Խորհրդային միության փլուզումից հետո բացարձակապես կանգ առավ այս դպրոցների զարգացումը: Ինքնագործունեություն է ամենուր, չնայած տաղանդավոր երիտասարդներ կան»,-ասում է վաստակավոր դերասանը: