Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՆՑ ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՐՄԱԼ Է

Քաղաքականություն

ՀՀ ընտրությունների ընթացքին հետեւելու առաքելությամբ, փետրվարի 15-ից Հայաստանում է գտնվում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խումբը, որի կազմում է 7 պատգամավոր Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Տաջիքստանից, Ղրղզստանից եւ Մոլդովայից:

Դիտորդներից ոմանք առաջարկել են, որպեսզի` ընտրությունների օրը, ձայների հաշվարկի ժամանակ, իրենց թույլ տրվի նստել հանձնաժողովի անդամների մոտ: Դիտորդների այդ առաջարկը, ԿԸՀ կողմից բնականաբար, չի բավարարվել:

Այդ որոշումը, ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը բացատրում է նրանով, որ նախ այն հակասում է ԵԱՀԿ կողմից ընդունված «դիտորդի օրենսգրքին» եւ հակասում է նաեւ ՀՀ «ընտրական օրենսգրքին»:

Բացի այդ երբեմն կարծիք է հնչում, որ տեղամասային հանձնաժողովի անդամների կողքին նստելը դիտորդներին ոչինչ միեւնույնն է չի տալու, քանի որ նրանք «գլխի չեն ընկնի», թե իրենց ներկայությամբ ինչ խախտում է իրականացվելու:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խումբն այցելելով ԿԸՀ այնտեղ անդրադարձավ նաեւ ընտրարշավի ժամանակ Աշտարակ քաղաքում Հայկ Բաբուխանյանի հետ կապված միջադեպին: Ըստ Արտակ Սահրադյանի, դիտորդները տեղյակ են եղել այդ միջադեպի մասին, սակայն մանրամասներն իմացել են ԿԸՀ-ից:

«Ինֆորմացիա տրվեց, որ բարեբախտաբար շատ տհաճ չէր... , միգուցե տհաճ էր, բայց որեւէ լուրջ երանգ իր մեջ չէր պարունակում: Եվ դա եղավ այն միջադեպը, որից հետո, բարեբախտաբար, դաշտը նորմալ է եւ շատ լավ է, որ մեր երկիրը կարող է գնալ նորմալ ընթացքով»,- ասում է Արտակ Սահրադյանը:

ԱՊՀ դիտորդների հետ հանդիպման ժամանակ ԿԸՀ նախագահը ստիպված էր պատասխանել քարոզարշավի ընթացքի, կեղծիքների մասին ստացվող ահազանգերի, այդ ահազանգների հանդեպ ԿԸՀ արձագանքի եւ նմանատիպ այլ հարցերի, որոնք ամենաշատն էին հուզում դիտորդներին:

Իսկ մինչ այդ Հայաստանում 2 օր գտնվելուց եւ ԱԺ-ում եւ ԿԸՀ-ում ունեցած հանդիպումներից հետո դիտորդները եւ մասնավորապես պատվիրակության ղեկավար Կոնստանտին Մարկելովը տպավորություն են ստացել, որ «մեկ ամսից ավելի տեւող ընտրապայքարը բավական ակտիվ է եղել եւ առանց օրենքի կոպիտ խախտումների»:

Ի դեպ, այս գնահատականը տրվել է այն դեպքում, երբ դիտորդները լավատեղյակ են եղել գոնե մեկ արտառոց դեպքի` Արտաշատի միջադեպին: Փոխարենը դիտորդները հայտարարում են, որ ընտրակարգի մեծ խախտումներ ներկայումս չկա:

Իսկ «փոքր խախտումներ» որակման մեջ դիտորդների համար մտնում են ընտրացուցակների անճշտություններն ու քարոզարշավի ընթացքում որոշ թեկնածուների կողմից կամ էլ որոշ թեկնածուների հանդեպ թույլ տրվող խախտումները:

«Փոքր խախտումները միշտ լինում են բոլոր երկրներում»,- ասում է Կոնստանտին Մարկելովը: Վերջինիս գլխավորած դիտորդական պատվիրակությունը փետրվարի 19-ին պատրաստվում է այցելել հնարավորինս շատ ընտրատարածքներ եւ դրանից հետո միայն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ` ընտրությունների ընթացքի եւ արդյունքների օրինականության վերաբերյալ: