Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՎԱՆՆ ԷԼ ԱՐԵԼ Է ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքականություն

Այսօր շուրջ 45 հազար մարդ մասնակցեց ընդդիմության հրավիրած հանրահավաքին:

45 հազար մարդ եկել էր լսելու ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանին, նրան սատարող Րաֆֆի Հովհաննիսյանին, Արամ Զավենի Սարգսյանին, Արամ Գասպարի Սարգսյանին, Շավարշ Քոչարյանին, Արշակ Սադոյանին եւ այլ կուսակցությունների ղեկավարների:

Այսօր բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցների առաջ ելույթ ունեցան նաեւ ՆԳ նախկին նախարար, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը, ժողովրդական արտիստներ Տիգրան Լեւոնյանը ու Վլադիմիր Աբաջյանը:

Սուրեն Աբրահամյանը նախ հոկտմբերի 27-ը կանխել չկարողանալու համար ժողովրդից հայցեց ներողամտություն, ապա մանրամասն գնահատեց երկրում տիրող իրավիճակը: Ըստ նրա, ամեն ինչ, շահույթ բերող հնարավոր բոլոր ձեռնարկություններն այսօր ղեկավարվում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից:

Սուրեն Աբրահամյանը նաեւ անդրադարձավ այն ասեկոսեներին, թե իբր Ստեփան Դեմիրճյանը բանակում չի ծառայել: «Դա այդպես չէ, բայց եթե այդ հանգամանքը նրանց շատ է հուզում, ես Ստեփան Դեմիրճյանին եմ հաճույքով զիջում իմ գեներալ-մայորի կոչումը»:

Արամ Զ. Սարգսյանն էլ մեկնաբանելով Ստեփան Դեմիրճյանին «մեղսագրվող» այն մեղքին, թե արկը նռնակից չի տարբերում, նկատեց. «Վազգեն Սարգսյանն էլ արձակագիր էր եւ արկը նռնակից չէր տարբերում, բայց ժամանակի հրամայականով նա անդամագրվեց հանրապետության պաշտպանության գործին, հաղթեց պատերազում, ստեղծեց բանակ: Փոխարենը Ստեփան Դեմիրճյանը շատ լավ տարբերում է սրիկային ոչ սրիկայից, հանցագործին ոչ հանցագործից»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՀՀ հաջորդ նախագահը, որը կընտրվի փետրվարի 19-ին, Ստեփան Դեմիրճյանն է լինելու: Ժողովուրդն արդեն արել է իր ընտրությունը:

Շուրջ 15 քաղաքական կազմակերպություններ, որոնք աջակցում են Ստեփան Դեմիրճյանին, հավաստում են, որ հենց նա է ընդդիմության միասնական թեկնածուն:

Արամ Սարգսյանը արժանապատվության կոչ արեց. «Ես արարատցի եմ եւ ասում եմ. երեւանցին ձայնը պիտի տա երեւանցուն»:

Ստացվող բազմաթիվ հարցերից ու նամակներից թերեւս արժե հիշել 8000 ղարաբաղցիների կողմից ուղարկված նամակը այն մասին, որ այսօր 2 հոգու պատճառով իրենց սկսել են վատ վերաբերել: Ալբերտ Բազեյանը կոչ արեց մարդկանց` 1 կամ 2 հոգու պատճառով չթշնամանալ ղարաբաղցիների հետ. «նրանք մեր հայրենակիցներն են, մենք պայքարել ենք Ղարաբաղի համար, մենք հաղթել ենք պատերազմում, մենք նույն ժողովուրդն ենք»:

Այսօրվա հանրահավաքը, ավարտվեց Ստեփան Դեմիրճյանի խոսքով. նա հայտարարեց, որ միասնական ուժերով, ժողովրդի հետ միասին կարելի է երկիրը փրկել: Նա նկատեց, որ հպարտ է իր ծագումով , որ խնդիր ունի արդարաության հաստատման ու արդարադատության կայացմանը: «Ես մի մարդու զավակ եմ, որ չափազանց ներողամիտ էր, գիտեր ներել նույնիսկ թշնամուն: Ես չեմ ներելու դավաճաններին ու հանցագործներին, օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը»:

Այսօրվա հանրահավաքը ապացուցեց, որ ժողովուրդը պահանջում է իշխանափոխություն, ժողովուրդը հոգնել է ապօրինություններից, քաղաքական չբացահայտված սպանություններից: