Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԻ՞Ն, ԹԵ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավար Սերժ Սարգսյանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանը հաղթելու է ընտրությունների առաջին փուլում: Այս մասին նա հայտարարեց այսօր շտաբում հրավիրած ասուլիսում: Պաշտպանության նախարարը վստահեցնում է, որ փետրվարի 20-ի առավոտը կդիմավորի «անքուն, բայց լավ տրամադրությամբ»: Պարոն Սարգսյանը չի կասկածում, որ ընտրությունների ցանկացած արդյունք ցանկացած մարդ ընդունելու է: «Դե թող ժողովուրդը Քոչարյանին քվեարկի նորմալ տոկոսներով, տեսնենք ո՞նց չեն ընդունելու»:

ՊԱՅՔԱՐ 2-ՐԴ ՏԵՂԻ ՀԱՄԱ՞Ր

Ընդդիմադիր թեկնածուները պայքարում են 2-րդ տեղի համար,-հայտարարեց Սերժ Սարգսյանը: Այս իմաստով պարոն Սարգսյանն իսկապես պայքար տեսնում է, սակայն «անթույլատրելի հնարքներով»: Նա նաեւ չի կասկածում, որ այդ պայքարում «հաղթող լինելու է»: «Նոր հավեր են դուրս եկել, որոնք ոսկե ձվեր են ածում: Հայտնվել են թեկնածուներ, որոնք ասում են, որ իրենք են Քոչարյանի հետ 2-րդ փուլ դուրս գալու»,- ծիծաղելով ասաց Սերժ Սարգսյանը:

ՍԵՐԺԸ ԵՒ ՎԱԶԳԵՆԸ` ԹԱԼԱՆՉԻՆԵ՞Ր

Լրագրողներից մեկը վկայակոչեց Արամ Զավենի Սարգսյանի այն միտքը, ըստ որի «Աղդամի ալան-թալանից հետո Քոչարյանին թվում է, թե մեր երկիրն էլ է ալան թալեն»: Սերժ Սարգսյանը թույլ քմծիծաղով ասաց. «Եթե թալանել ենք, ապա թալանել ենք Վազգենի հետ միասին, եթե դառնություններ ենք տեսել, ապա տեսել ենք Վազգենի հետ միասին: Ախր ինքը (Արամ Զ. Սարգսյանը-Մ.Ա) որտեղի՞ց գիտի` մասնակցե՞լ է Աղդամին, տեսե՞լ է Աղդամը, թե փեշի տակ է եղել: Եթե Վազգենի եղբայրը կարծում է, որ Վազգենն ալան-թալան է արել, ապա խորհուրդ կտամ, որ նա դիմի բժշկի»:

ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՆԱԿՈՒՄ ՉԻ ԾԱՌԱՅԵԼ

Արտաշես Գեղամյանն, ըստ Քոչարյանի նախընտրական շտաբի պետի, բանակում չի ծառայել. «Գեղամյանը պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտել է 1971 թվականին եւ իրոք խուսափել է զինծառայությունից: Զինվորական գրքույկ նա ստացել է 1984 թվականին Երեւանում 60-օրյա կուրսեր անցնելուց հետո: Այդպիսի կուրսեր ես էլ եմ անցել 1981-ին եւ, ի տարբերություն Գեղամյանի, Կիեւում»:

Ո՞Վ ԷՐ ԳԵՂԱՄՅԱՆՆ 88-ԻՆ

«Հա, պարոն Գեղամյան, մենք ապրել ենք ադրբեջանական լծի տակ, բայց մի՞ թե դա մեր մեղքն է: Ապրել ենք ու պայքարել ենք»,- Գեղամյանի ոճով «Ազգային Միաբանության» առաջնորդին դիմեց Սերժ Սարգսյանը: «88-ին դու զեկույցներ էիր ուղարկու Կենտրոն, թե ղարաբաղյան շարժման քանի բջիջներ ես ոչնչացրել»:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սերժ Սարգսյանը ոչ մեկին թույլ չի տալու, որ իշխանության գալով «խայտառակեն մեր ժողովրդին, սուս ու փուս նստեն»: Շտաբի պետը թվարկեց խայտառակություն թույլ չտալու մի քանի պատճառ. «Եթե մեզ թուրք ու օտար անվանող մարդիկ գան իշխանության, բա հետո ո՞նց ա լինելու: Մեր անվտանգության խնդիրները ո՞նց են լուծվելու: Հիշեք Գեղամյանի քարտեղն առանց ազատագրված տարածքների: Եթե էս գլխից հանձնել են, հետո ո՞նց են խոսելու: Ո՞նց ա լինելու մեր 5 հազար զոհվածների ճակատագիրը: Եթե մի թեկնածու չի կարողանում հասկանալի լեզվով բացատրել, թե ինչ է մտածում այս խնդրի (Ղարաբաղի հարցի-Մ.Ա.) շուրջ, եթե 5 նախադասություն չի կարողանում ասել, ո՞նց է բանակցություններ վարելու»:

ՂԱՐԱԲԱՂՆ ԸՍՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ

«Չի փոխվելու Քոչարյանի քաղաքականությունը Ղարաբաղի հարցում»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, Քոչարյանը չի որդեգրելու պարտվողական քաղաքականություն, իսկ «մեր ընկերների թափած արյունը չի դարձնի առ ու ծախի առարկա»:

ԲԱ ԱՌԱՆՑ Ա1+-Ի Ի՞ՆՉ ԷԻՐ ՈՒԶՈՒՄ

Սերժ Սարգսյանը չի տեսնում «որեւէ մասնավոր լրատվամիջոց, որը կլինի օբյեկտիվ»: Նա կարծում է, որ մամուլու անհավասար պայքարի դաշտ է ստեղծված: 1 թեկնածուի դիմաց, ըստ նրա, 8 թեկնածու է պայքարում մամուլում: Նա չի բացառում, որ «հաջորդ ընտրություններին կունենանք լրատվամիջոցներ, որոնք կլինեն օբյեկտիվ»: