Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼ Է, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎԵԼ

Քաղաքականություն

Մեր ուժը ժողովուրդն է

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության փոխնախագահ Գառնիկ Մարգարյանն այսօր հանդիպեց լրագրողների հետ եւ ներկայացրեց իր ծրագրերը:

Չնայած, որ ընտրությունների նախաքարոզչական փուլում սպասվում էր, որ ընդդիմության մի քանի ներկայացուցիչներ իրենց թեկնածությունը կհանեն միասնական մեկ կամ թեկուզ եւ երկու թեկնածուի օգտին, այդպես չեղավ:

Իր թեկնածությունը չհանեց նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Գառնիկ Մարգարյանը, որը ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքի անդամ է եւ սպասվում էր, որ գոնե դաշինքը կունենա իր միասնական թեկնածուն` Արտաշես Գեղամյանը:

Ինչեւէ, Գառնիկ Մարգարյանը չի պատրաստվում հանել իր թեկնածությունը որեւէ մեկի օգտին: Նա գտնում է, որ նախքան ընտրությունները` դեռ 3- 4 տարի առաջ իր վրա է վերցրել կարեւորագույն առաքելություն` ընդդիմությանը համախմբելու, միասնական գործելու գործընթացը:

«Իսկ իշխանությունները վերջին 6 ամիսների ընթացքում ամեն ինչ արեցին, որպեսզի 16-ը պառակտվի: Վերջին 1-2 ամիսներին էլ ձգտում էին, որպեսզի 16-ում ձեւավորվի 1 թեկնածու, որը իրենց համար տակտիկապես գերազանց տարբերակ էր` կեղծիքների, թեկնածուին թիրախ դարձնելու համար: Իրենց դա էլ չհաջողվեց. ընդդիմությունը մնաց առողջ, ամուր` 16-ի շրջանակներում: Եվ արդեն պարզ է, որ 16-ում կա 2 լրջագույն թեկնածու` Ստեփան Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանը: Սա ընդդիմության ամենակարեւոր հաղթանականերից մեկն է: Ու սա է երաշխիքը, որ ընդդիմությունը առաջին փուլում հաղթելու է, Ռոբերտ Քոչարյանը չի անցնելու երկրորդ փուլ: Այն ինչ կատարվում է այսօր` Արտաշատ, Շենգավիթ եւ այլն, ահաբեկման բազմաթիվ դեպքերը, անձնագրերի առգրավման փաստերը ապացուցում են մի բան` իշխանությունը հոգեվարքի մեջ է»:

16-ը բավականին խելոք գտնվեց, ըստ Գառնիկ Մարգարյանի, չգնաց իշխանության կողմից առաջադրված սադրանքներին, նախ ինքը չջլատվեց, եւ իր առաջատարներից 2-ին բերեց թեկնածու:

ԺՀՈՒԴ-ի շրջանակներում «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության միասնական թեկնածուն Արտաշես Գեղամյանն է:

«Տեսնում ենք հասարակությունը ինչպես է ընդունում նրան` ոչ թե գեղեցիկ աչքերի, այլ անցած ուղու, որակական լուրջ չափանիշների համար: Այդպես էլ հասարակությունը վերաբերում է Ստեփան Դեմիրճյանին»:

Գառնիկ Մարգարյանը կարծում է, որ ընդդմադիր դաշտը միասնական է. լրջագույն քայլերը պլանավորվում են միասին, տակտիկական խնդիրներ, որ չեն հայտնում` ելնելով ընտրությունների արդյունքների շահերից, լուծվում են միասնական, «Արդյունքը մեկն է. իշխանությունը պարտված է, ընդդիմությունը հաղթած»:

Ի դեպ, Գառնիկ Մարգարյանից տեղեկացանք, որ ընտրական հանձնաժողովները ստացել են գրող - մաքրող գրիչներ, օգտագործվելու են բոլոր միջոցները /մեր կողմից բազմիցս նշված/, ընտրությունները կեղծելու համար:

«Մենք դրանց դեմ պայքարելու ուժ ունենք: Մեր ուժը ժողովուրդն է»: