Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՇՔՇՈՑԸ Ի ՊԱՏԻՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ

Քաղաքականություն

Երեկ կեսօրին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է հանդիպեր Շենգավիթի ընտրողների հետ:

Մինչ հանդիպման սկիզբը Շենգավիթի հրապարակում էին հավաքվել հիմնականում իրենց կյանքից ու սոցիալական վիճակից դժգոհող մարդիկ:

Իսկ Ռոբերտ Քոչարյանը ուշանում էր... Որպեսզի ժողովուրդ հավաքվի, միջոցառման կազմակերպիչները երաժշտություն միացրին, ապա նաեւ նորաթուխ երգիչ- երգչուհիների ջանքերով անցկացվեց համերգ, որն ի դեպ, բավական լավ էր կազմակերպված. այն վարում էր երիտասարդ դիջեյ եւ յուրաքանչյուր երգից հետո հիշեցնում էր, որ փետրվարի 19-ին ժողովուրդը պետք է կատարի ճիշտ ընտրություն:

Մինչ գործող նախագահի ժամանումը, հրապարակ բերվեցին ավտոբուսներով մարդիկ, մեկ մարդու նման ներկայացան դպրոցների ու երաժշտական դպրոցի մանկավարժներն ու աշակերտները, պոլիկլինիկայի բուժաշխատողներն ու «Գրանդ Տոբակոյի» աշխատակիցները:

Հրապարակում հայտնվեցին նաեւ «Ոճրագործներին աջակցողները ազգի դավաճաններ են» վերտառությամբ պաստառներ, «Միասնություն» դաշինքի` Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի նկարներ, ինչպես նաեւ Ստեփան Դեմիրճյանի ու Արամ Սարգսյանի նկարներն ու բուկլետները:

Վերոհիշյալ նկարները, պաստառներն ու դրանք բռնած ՀՀ քաղաքացիները հանգիստ ապրեցին, մինչեւ Ռոբերտ Քոչարյանի շքախմբի մոտենալը: Նախ այդ պաստառներին ավելացան «Աշխատենք միասին», «Ռոբերտ Քոչարյանը մեր նախագահն է» պլակատներ, ապա դրանք սկսեցին ծածկել Ստեփան Դեմիրճյանի ու Արամ Սարգսյանի նկարներին ու ոճրագործներին աջակցողների մասին պաստառներին:

Եվ այն պահին, երբ փոքրիկ շենգավիթցի աղջնակները Ռոբերտ Քոչարյանին աղ ու հացով դիմավորում էին հրապարակի մի կողմում, Երեւանի քրեական հետախուզության վարչության աշխատակիցները` վարչության պետի գլխավորությամբ, հրապարակի մյուս մասում «մաքրում էին Ռոբերտ Քոչարյանի տեսադաշտը իր համար տհաճ պլակատներից ու նկարներից, ձեռքի հետ նաեւ` նկարներն ու պաստառները ձեռքներում պահած մարդկանցից»:

Շենգավիթի ՆԳ բաժնի ոստիկաններն ու քաղաքացիական համազգեստով Երեւանի քաղաքային վարչության աշխատակիցները հանկարծ բռնի ուժով մարդկանց ձեռքից սկսեցին խլել Ստեփան Դեմիրճյանի ու Արամ Սարգսյանի նկարները, պաստառներն:

3 հոգու մի լավ ծեծելուց հետո ՆԳ աշխատակիցները նրանց «ուղեկցեցին» մոտակա խանութ, որպեսզի չխանգարեն արդեն ելույթ ունեցող, Ռոբերտ Քոչարյանի գործունեությունն ու մեր երկրի` դեպի ժողովրդավարություն բռնած ուղին գովերգող հռետորներին:

Երեք երիտասարդների հետ խանութում «հաշիվները պարզելուց» հետո, նրանց նստեցրին ոստիկանության ավտոմեքենան ու տարան Շենգավիթի ՆԳ բաժին:

Մեր հարցին, թե ի՞նչ հիմքով տղաներին կալանավորեցին, ոստիկաններից մեկն ասաց` հասարակական կարգը խանգարելու:

Թերեւս արժե նկատել, որ այդ պաստառներն ու նկարները ոչ թե հասարակական կարգն էին խանգարում, այլ գործող նախագահի շրջապատի հանգիստը:

Մեր օրինապահների աչքից չէին վրիպել նաեւ գեղեցիկ սեռի նարկայացուցիչ կարգազանցները. նրանք մի լավ ծեծի էին ենթարկել նաեւ Վիկա անունով կնոջ: Ու այն պահին, երբ ՀԺԿ-ական կինը ուշաթափ ասֆալտին ընկած էր, իսկ ոստիկաններն արդեն իրենց արածից սթափված ուշքի էին բերում կնոջը, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Հերմինե Նաղդալյանը հայտարարում էր. «Տեսնելով ձեր բարձր տրամադրությունն ու մարտունակությունը, ես կոչ եմ անում` ընտրել... ընտրել... ըհը, ըհը, ըհը Ռոբերտ Քոչարյանին»:
Այս նախադասությունն արտասանելիս Հերմինե Նաղդալյանի ձայնը կտրվեց ու չկարողացավ շարունակել միտքը:

Իսկ շտապ օգնության մեքենան Քոչարյանի հետ հանդիպման վայրից հիվանդանոց տեղափոխեց հերթական քաշքշոցի հերթական զոհին: Նրա վիճակը հետագայում բժիշկներն իհարկե կգնահատեն թեթեւ, մի քանի ժամից դուրս կգրեն, իսկ իրավապահ մարմինները կհարուցեն հերթական քրեական գործը` բնականաբար տուժողի դեմ: