Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆ. «ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ ԹՇՆԱՄՈՒՆ»

Քաղաքականություն

Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե 1992-93թթ. նրանք, ովքեր ազատագրում են տարածքները, գիտեին, որ հետագայում դրանք հանձնելու են ԼՂ-ի կարգավիճակի դիմաց, այսօր ԱԺ Պաշտպանության ու Զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը, որն այդ տարածքները ազատագրողներից մեկն էր, հրաժարվեց մեկնաբանել:

Պարոն Աղաբեկյանը, պատասխանելով Ա1+ի հարցին, ընդամենը վստահեցրեց, որ տարածք ազատագրող ոչ մի հրամանատար կամ զինվոր այդպես չէր մտածում. «Նման բան չի եղել. չի գտնվի որեւէ հրամանատար, որ այն ժամանակ այդպես մտածեր: 1993թ., երբ սկսվեց ազատագրման գործընթացը, յուրաքանչյուր հրամանատար իր առջեւ խնդիր էր դրել` ինչպե՞ս խաղաղ բնակչությանը պաշտպանի ռմբակոծությունից եւ ստեղծել անվտանգության գոտի` մեր պաշտպանությունը ծավալելու համար: Ես գտնում եմ, որ ոչ մի պաշտոնիա այսօր չի կարող նստել իր սենյակում եւ որոշումներ կայացնել, թե ինչքան հող եւ ում պետք է հանձնի: Հայ ժողովուրդը ինքը պետք է որոշի, թե ինչ ունի զիջելու: Ես այսօր արդեն քաղաքական գործիչ եմ եւ միգուցե մի օր ես պատմեմ, թե ինչ զրույց է տեղի ունեցել 1994թ. աշնանը իմ եւ Բաբկեն Արարքցյանի միջեւ Ֆիզուլիում»:

Քանի դեռ այսօր լսելի չէ ԼՂՀ ժողովրդի ձայնը, Աղաբեկյանը տարածքների հանձման մասին լուրերը խորհուրդ է տալիս ընկալել իբրեւ ասեկոսեներ.«Գնացեք Ղարաբաղ եւ բնակչությանը հարցրեք` պատրաստ է հող զիջել, թե՞ ոչ»: Իսկ ինչ վերաբերում է տարածքներ հանձնելու մասին Պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ապա Աղաբեկյանն ասաց. «Ես տարածքներ չեմ գրավել, այլ ազատագրել եմ: Ես այդ տարիներին որպես հրամանատար` չեմ ցանկանում մեկնաբանել Սերժ Սարգսյանի հայտարարությունը»: Իր խոսքը Աղաբեկյանը ամփոփեց. «Ոչ մի թիզ հող թշնամուն»: Իսկ եթե Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ համարձակվի ԼՂ հարցում իր աշխատասենյակում որոշում կայացնել, ապա Աղաբեկյանն արդեն իր կուսակցության անունից խոստացավ. «ՀՅԴ-ն իր գործողությունները կծավալի մինչեւ որոշում կայացնելը»:

ՇԻՐԽԱՆՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԵՑ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ

Նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որն այսօր Աղաբեկյանի ընդդիմախոսն էր ավելի անկաշկանդ էր իր գնահատականներում: Սերժ Սարգսյանի հայտարարությունը գնահատեց բացարձակ սուտ եւ ավելացրեց. «Սուտը ցանկացած մարդու մակարդակով անընդունելի է, սակայն երբ ստում է բարձրաստիճան պաշտոնիան դա վտանգավոր է բոլորի համար: Այդպիսի բան չի եղել: Չի կարելի վարկաբեկել, շահարկել, բարոյազրկել անձնազոհությունը, մահը պատերազմի դաշտում: Հողերը ազատագրվել են եւ ԼՂ հարցում այսօրվա իրավիճակը այսօրվա իշխանությունների պարտվողական քաղաքականության արդյունքն է: Դա նշանակում է, որ այդ տարածքը ազատագրելիս զոհվող տղան գիտեր, որ հետագայում այդ տարածքները Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ է»:

Շիրխանյանը «Ա1+»-ին հայտնեց, որ նաեւ համամիտ չէ Արթուր Աղաբեկյանի այն տեսակետի հետ, թե տարածքները հանձնելու մասին հայտարարությունները պետք է ընդունել որպես լուր եւ վերջ. «Այսօր ես շատ մեծ սպառնալիք եմ տեսնում ոչ միայն ազատագրված տարածքների, այլեւ Հայաստանի համար: Այսօր Հայաստանը բազմաթիվ պրոբլեմների մեջ է` Քոչարյան եւ Սերժ Սարգսյան քաղաքական վարքագծերի հետեւանքով»: Շիրխանյանը ընդգծեց, որ այն ընթացքում, երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ քաղաքականություն էր իրականացնում, մեր իշխանությունները զբաղված էին իրենց ջիպերով, կազինոներով, անձնական խնդիրներով:

«Ա1+»-ի հետ զրույցում Վահան Շիրխանյանը ցավակցեց ներկայիս ՀՀ ՊՆ նախարարին ասելով. «Ես անկեղծ ցավակցում եմ Սեյրանին, քանի որ նա իր էությամբ հող տվող չէ, իսկ այսօր հայտնվել է այս վիճակում»: Իսկ այսօրվա հանդիպման թեման Աժ-ում քննարկվող Պաշտպանության մասին օրենքն էր: Աղաբեկյանը գտնում է, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական բազանների վրա որեւէ կերպ չի անդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, մասնավորապես հայ-թուրքական սահմանի բացումը: Ինչպես մյուս, այնպես էլ այս հարցում Շիրխանյանը համամիտ չէր. «Այդպես չէ: Հայ-թուրքական սահմանի բացումը միայն սահմանի վրայով ապրանք բերել-տանել չի նշանակում»: