Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒ՞Մ ՕԳՏԻՆ ՄՆԱՑ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Քաղաքականություն

Վազգեն Մանուկյանը վերջին օրերին համոզվել է, որ Ռոբերտ Քոչարյանը «քիչ ձայներ ունի»:
ԱԺՄ առաջնորդը Քոչարյանի նախագահ դառնալու ոչ մի տարբերակ չի տեսնում: Պարոն Մանուկյանը միշտ էլ այն կարծիքին է եղել, որ «մեր ժողովրդի համար լավ գործ չարեցին այն ուժերը, որոնք Քոչարյանին բերեցին իշխանության»:
Հիմա Վազգեն Մանուկյանի համար գլխավորն այն է, որ «Ռոբերտ Քոչարյանը հեռանա հանգիստ»:

Մամուլի Ազգային Ակումբում կայացած հանդիպման ժամանակ Վազգեն Մանուկյանը նշեց, որ փետրվարի 19-ի ընտրություններում իր հնարավորությունները բարձր է գնահատում: Թեկնածուն գնալու է մինչեւ վերջ. «Եթե 2-րդ փուլ լինի եւ ես չլինեմ 2-րդ փուլում, Քոչարյանին չեմ պաշտպանելու, բայց, թե ի՞նչ ուժգնությամբ կպաշտպանեմ մյուս թեկնածուին, չգիտեմ»:

Թեկնածուն համոզված է, որ իշխանությունների կողմից «ձգտում կա» ընտրություններն ավարտել առաջին փուլով, քանի որ «2-րդ փուլում Ռոբերտ Քոչարյանի վիճակն ավելի ու ավելի ծանր է լինելու»:

Կա՞ այնպիսի թեկնածու, որը կարող է հաղթել հենց առաջին փուլում. «Եթե Քոչարյանն իր թեկնածությունը հանի, մնացածից մեկը կարող է հաղթել առաջին փուլում»:

Ընդդիմությունն, ըստ նրա, հասկանում է, որ իշխանական աթոռին նստածը չի զիջի: Դրա համար ընդդիմությանը պետք է մեծ ուժ, որպեսզի կարողանա հաղթել: Իսկ այդ ուժը Վազգեն Մանուկյանի համոզմամբ իշխանական թեկնածուն է:

Այսօր, ըստ ԱԺՄ առաջնորդի, միասնական թեկնածու չկա. «Միասնական թեկնածուն ես չեմ, Արտաշես Գեղամյանը չի, Ստեփան Դեմիրճյանը չի»:

Իսկ ո՞ր թեկնածուն է շահել նրանից, որ Վազգեն Մանուկյանը չհանեց իր թեկնածությունը. «Հանուն ու՞մ եւ հանուն ինչի՞ ես պետք է հանեի իմ թեկնածությունը: Ես գնում եմ ոչ թե ընտրություններին մասնակցելու, այլ հաղթելու»:

Ի դեպ

«Քարոզարշավի ժամանակ Արշակ Սադոյանի պակասը չե՞ք զգում» հարցին Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Իմ ձայնը հիմա ավելի պարզ է հասնում մարդկանց: Չկա չարիք առանց բարիքի»: