Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎ ՄԵԽԻՆ, ԵՎ ՆԱԼԻՆ

Քաղաքականություն

Հայաստանի սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը երկարատեւ ջանքերց հետո վերջապես կողմնորոշվել է:

Նա որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել «Ազգային Միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանին` 2 հիմնական պատճառով. քանի որ նա ունի սոցիալական զարգացման ծրագիր, եւ հետամուտ կլինի հոկտեմբերի 27-ի բացահայտմանը:

Զարմանալի է, որ հոկտեմբերի 27-ի բացահայտման համար առավել նպաստավոր Մովսես Շահվերդյանը համարում է ոչ թե Ստեփան Դեմիրճյանի, այլ Արտաշես Գեղամյանի պաշտոնավարումը. «Նա երրորդ կողմ է, չեզոք, եւ սուբյեկտիվ մոտեցում չի ցուցաբերի հանցագործության բացահայտման գործում»,- ասում է Մովսես Շահվերդյանը:

Արդարացի լինելու համար, սակայն, արժե նկատել, որ պրն Շահվերդյանի համար բացարձակապես մեկ է, թե ընդդիմությունից ով կդառնա նախագահ. «Ես շատ եմ հարգում Ստեփան Դեմիրճյանին եւ նրա հետ լավ հարաբերություններ ունեմ: Եթե նա դառնա նախագահ` ես շատ ուրախ կլինեմ»:

Մովսես Շահվերդյանը գտնում է, որ այսօր ընդդիմադիր դաշտում հավասար հնարավորություններ ունեն Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը: Ըստ նրա, սակայն, քանի որ միասնական թեկնածուն չի ձեւավորվել, առաջին փուլում 50 տոկոս ձայն հավաքելու հնարավորություն չունի եւ ոչ մի թեկնածու:

Առայժմ Մովսես Շահվերդյանը սատարում է Արտաշես Գեղամյանին, բայց երկրորդ փուլում կպաշտպանի առավելագույն ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուին:

«Չի կարելի մարդկանց վախեցնել. այն ինչ անում է իշխանությունը` անթույլատրելի է: Վախեցած ժողովուրդը չի կարող պաշտպանել նաեւ իր հայրենիքը: Իսկ դա վտանգավոր է այսօրվա հրադադարի պայմաններում, երբ ամեն պահի պատերազմ վերսկսվելու վտանգ կա»,- ասում է Մովսես Շահվերդյանը:

Բացի այդ, ըստ նրա, ստեղծվել է մի մթնոլորտ, որը վտանգավոր է մարդկանց առողջությանը. «Այս օդը շնչել այլեւս չի կարելի»,- ասում է սոցիալիստ Շահվերդյանը: Նա գտնում է, որ իշխանությունը` գործող նախագահը, պետք է ոչ թե ժողովրդի կամքին դեմ գնա, այլ վարվի այնպես, ինչպես 70- ականներին` ԱՄՆ նախագահ Նիքսոնը: Նա հրաժարական տվեց եւ դատարանում ապացուցեց իրեն վերագրվող մեղադրանքների անհիմն լինելը:

«Գործող նախագահը եթե ունենար պետական մտածելակերպ, տեսնելով ժողովրդի պահանջը, անպայման կհաներ իր թեկնածությունը»,- ասում է Մովսես Շահվերդյանը: Նա ի դեպ, խոստանում է ամեն ինչ անել, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ:

Պարոն Շահվերդյանը, ի վերջո, միասնական թեկնածուի դերում տեսնում է Ստեփան Դեմիրճյանին, թե՞ Արտաշես Գեղամյանին,- մեր հարցին նա պատասխանեց. «Դա իրենց երկուսի խնդիրն է, ով կլինի միասնական թեկնածուն, նրան էլ կպաշտպանենք»: