Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈՒՅՍՆ ԵՍ, ԼՈՒՅՍՆ ԵՍ ԱՌԱՋԱԴԵՄՆԵՐԻ

Քաղաքականություն

«Վտանգավոր ցնցումների մեջ չընկնելու համար»` Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում որոշել է սատարել Ռոբերտ Քոչարյանին:

«Մենք պաշտպանում ենք Ռոբերտ Քոչարյանի նախընտրական հանդիպումների խոստումները: Ինքներս էլ պատրաստ ենք մեր կառուցողական ներուժը գործի դնել նրա ժողովրդամետ ծրագրերը կյանքի կոչելու համար»,-այսօր Ժուռնալիստի տանը հայտարարեց կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Չնայած նման դիրքորոշմանը` պարոն Սաֆարյանը վստահեցնում է, որ իրենք ընդդիմադիր կուսակցություն են, որ սատարման համար իշխանությունը իրենց ոչինչ չի խոստացել, եւ այս ամենը իրենք անում են զուտ «ռեալիստական մոտեցումներից»:

Առաջադիմական կոմունիստական կուսակցության անդամները երեկ ներկայացրին նաեւ իրականությունը. «Կոմունիստական հասարակարգի ստեղծածը ոչնչացվում է»:

Համաձայն այդ գնահատականների, ներկայումս ՀՀ բնակիչներն այնքան էլ լավ չեն ապրում: «Ներքին քաղաքականության մեջ որոշ քայլեր պետք է արվեն: Պոլիկլինիկաները գոնե կարելի է դարձնել անվճար»,- ասաց կուսակցության փոխնախագահ Ստեփան Ստեփանյանը:

Իսկ առաջադեմ կոմունիստ Սարգիս Խաչատրյանի կարծիքով, «պետությունը միայն գիշերային պահակի դեր չպիտի կատարի, այլ մնացած հարցերին էլ խառնվի»: Գյուղացու վիճակն էլ լավ չի, բայց «թունելի ծայրին լույս է երեւում»:

Ըստ առաջադեմ կոմունիստների, այդ լույսը-հույսը Ռոբերտ Քոչարյանն է: / Ինչու՞ սա հիմա պարզեցին:- Կ.Ա./ Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը նախագահի այս թեկնածուին սատարում է նաեւ նրա համար, որ վերջինս «արդեն ախտորոշել է երկրի հիվանդությունները, մնացել է բուժի»:

Ըստ Վազգեն Սաֆարյանի, ախտորոշման արդյունքները Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է իր նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ: Նրան հատկապես դուր է եկել է թեկնածուի հետեւյալ խոսքը. «Հայաստանը դարձել է դոնոր երկիր հարեւան պետությունների բյուջեն լցնելու համար»:

Առաջադեմ կոմունիստները Քոչարյանին սատարելու այլ հիմքեր էլ ներկայացրին. «Նա փորձված թան է», «Չի սխալվում նա, ով չի աշխատում»:

Նրանց ասուլիսում մի հարցի պատասխան այդպես էլ չհիմնավորվեց. ինչու՞առաջադեմ կոմունիստներն այսօր, ոչ թե 20 օր առաջ չհայտարարեցին Ռոբերտ Քոչարյանին սատարման մասին: Չէ՞ որ այլ դիրքորոշման դեպքում առաջադեմ կոմունիստներին Քոչարյանի նախընտրկան ծրագրի շնորհանդեսին չէին հրավիրի: