Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉՔԱ՞Ն ԱՐԺԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԵԼԸ

Քաղաքականություն

Ընտրական օրենսգրքի համաձայն, ինքնաբացարկ հայտնած թեկնածուն պետք է փոխհատուցի պետության ծախսերը։ ԿԸՀ վերստուգիչ-վերահսկիչ ծառայությունը պարզել է, թե որքան գումար պետք է պետբյուջե վճարեն նախագահական մրցավազքից դուրս եկած Արամ Զ. Սարգսյանը եւ Վլադիմիր Դարբինյանը։

Կոմկուսի թեկնածուն, որը պաշտպանում է Գեղամյանին, վճարելու է 293 հազար 94 դրամ կամ մոտ 500 ԱՄՆ դոլար։ Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը պաշտպանող նախկին վարչապետ Արամ Սարգսյանից կպահանջվի ավելի փոքր գումար՝ 278 հազար 501 դրամ կամ մոտ 475 ԱՄՆ դոլար։

Այս թվերը ստանալու համար ԿԸՀ վերստուգիչ-վերահսկիչ ծառայությունը գումարել է հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով անվճար եթերաժամերը, ստորագրությունների հավաքման պաշտոնաթերթիկները եւ վստահված անձաց համար պատրաստված վկայականները։

Արամ Սարգսյանը եւ Վլադիմիր Դարբինյանը ընտրությունների համար անտեղի ծախսված պետական փողերը վերադարձնելու համար ունեն 7 բանկային օր ժամանակ։