Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԱՓԱՆՑԻԿ ՔՎԵԱՏՈՒՓԵՐԸ ԺԱՄԱՆԵՑԻՆ ԵՐԵՎԱՆ

Քաղաքականություն

ԵԱՀԿ երեվանյան գրասենյակի եւ ԿԸՀ- ի միջեւ ստորագրված Փոխըմբռնման հուշագրի համաձայն 2000 թափանցիկ քվեատուփերը այսօր ժամանեցին Երեւան:

Տպավորությունն այնքան էլ, ինչպես ասում են, ցնցող չէր, համենայնդեպս սպասված կամ ենթադրված Եվրոպականը չէր: Սովորական, ոչ այնքան թափանցիկ, փայլատ, պլաստմասե փոքր տուփեր են, սեւ կափարիչներով: Ըստ իս նման «կենցաղային թասեր» կարելի է հանդիպել նաեւ «պարսիկների» խանութներում: Սա իհարկե ընդամենը սուբյեկտիվ կարծիք է: Իրականում մենք շնորհակալ ենք նվերի համար, եվ հույս ունենք որ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Նորվեգիայի կառավարությունների ներդրումը մեծապես կնպաստի ՀՀ նախագահական թափանցիկ ընտրություններ անցկացնելու` ժողովրդի պահանջին:

Ի դեպ «Զվարթնոց» օդանավակայանի բեռնապահեստ էին եկել նաեւ Գերմանիայի դեսպան` պրն Հանս Վուլֆ Բարտելսը, ԱՄՆ դեսպան` պրն Ջոն Օրդուեյը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար` պրն Քիթ Սիմոնսը, Նորվեգիայի պատվավոր հյուպատոս` պրն Հիմս Ռեյսը եւ ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար-դեսպան Ռոյ Ռիվը: Նրանք թափանցիկ քվեատուփերը պաշտոնապես հանձնեցին ԿԸՀ փոխնախագահ Համլետ Աբրահամյանին: Նա հպարտորեն հայտնեց, որ նախկին ԱՊՀ երկրների մեջ Հայաստանը միակն է, որ ընտրությունների ժամանակ թափանցիկ քվեատուփ է օգտագործում:

Քվեատուպերի տեսքը այնուամենայնիվ փոքր ինչ տարակուսանք էր առաջացրել որոշ լրագրողների մոտ: Ինչպես է կարծում պրն Ռոյ Ռիվը` քվեատուփերը իրոք՞ թափանցիկ են: ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար` դեսպանը պատասխանեց.«իսկապես այնքան թափանցիկ են, որպեսզի երեւա թե ինչ է այնտեղ գցված»:

Իսկ ինչու ` քվեաթերթիկները գցելու համար նախատեսված ճեղքն այդքան լայն` մոտ 5-6 սմ: «Ինչ որ մեկը կլինի կանգնած եւ կդիտի քանի թերթիկ է գցվում»:

Նման քվեատուփով Եվրոպայում անց՞ է կացվել ընտրություններ`«վերջին անգամ Սլովենիայում է օգտագործել, ընդանրապես շատ գործածվող տուփեր են»:

Ի վերջո ինչքան գումար է ծախսվել քվեատուփերը ձեռք բերելու համար, պրն Ռիվը պատասխանեց, որ գումարը սիմվոլիկ է, բայց հաստատ 20 մլն դոլար չէ, ինչը տարածել են որոշ լրատվամիջոցներ: Գերմանիայի դեսպանը թեեւ շշուկով, սակայն հստակ նշեց թիվը` 50 հազար եվրո:

Նույն օրը թափանցիկ քվեատուփերը փոխադրվեցին համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, որից հետո ԿԸՀ -ի որոշմամբ 2000 տուփերը կտեղափոխվեն ողջ Հայաստանում սփռված 1865 ընտրատեղամասեր: