Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐԻ՞Ց ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԽԱՂԱՐԿՈՒՄ

Քաղաքականություն

«Լաչինի տարածքում իրականացվող անօրինականությունները կամ արվում են միտումնավոր` տարածքը հանձնելու նպատակով, կամ էլ փող լվանալու եւ գումարների փոշիացման համար»: Այս հայտարարության հեղինակը` վերաբնակիչների իրավունքների պաշտպանության «Քաշաթաղ» հ/կ նախագահ Ռոբերտ Սիմոնյանն է:

Ընտրելով աղմուկ բարձրացնելու լավագույն պահը եւ ՀՀ նախագահի վերընտրվելու մեծ ցանկությունը, վերաբնակիչներն իշխանություններից պահանջում են վերականգնել օրենքների կիրառումը Լաչինի Քաշաթաղ տարածքում, որը հիմնովին թալանվում է 6 տարի շարունակ:Անօրինականությունների մասին բոլոր փաստերը ներկայացվել են նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի` Թեքեյան կենտրոնում տեղակայված նախընտրական շտաբ:

Տարածքների ազատագրումից հետո ամենահետաքրքիր` «ոչ ինձ, ոչ քեզ» կարգավիճակում հայտնվեց Լաչինի Քաշաթաղի շրջանը: 1998 թվականից այն ԼՂՀ վարչատարածքային միավոր է, սակայն ֆինանսավորվում է ՀՀ-ից: Սա նշանակում է, որ Քաշաթաղի իշխանությունները դուրս են մնում ոչ միայն ԼՂՀ իշխանությունների վերահսկողությունից, այլեւ ՀՀ վերահսկողությունից, քանի որ վերոհիշյալ տարածքը ՀՀ-ի մեջ չի մտնում: Այսպիսով, սահմանամերձ Քաշաթաղի շրջանում որեւէ պետական վերահսկողություն չկա:

«Քաշաթաղ» կազմակերպության անդամների վկայությամբ, Քաշաթաղի անորոշ կարգավիճակից մեծ օգուտներ է ստանում ՀՀ ԱԺ պատգամավոր եւ միաժամանակ այդ տարածքի վարչակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ալեքսան Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներին օրենքով արգելվում է օրենսդրի աշխատանքը համատեղել մեկ այլ աշխատանքի հետ:

Հավաքագրված խախտումներից «Քաշաթաղ» կազմակերպության անդամները օրինակներ են բերում, որ ազատագրումից հետո գյուղերի 70-80 տոկոսը գտնվում էր նորմալ վիճակում. տները կանգուն էին, կոմունալային բոլոր ծառայությունները աշխատող էին, կաին նույնիսկ ընտանի կենդանիներ: Իսկ այսօր այդ գյուղերում չկան էլէկտրասյուներ, էլեկտրալարեր, հեռախոսակապ, ջրային խողովակներ, քանդվել են տները եւ կտրվում են պտղատու ծառերը: Ընդհուպ մինչեւ ընկուզենիները վերածվում են փայտանյութի եւ արտահանվում նույնիսկ Ադրբեջան: «Լաչինի տարածքում գոյություն ունի 220 գյուղ: Եթե դրանց մեծ մասը թալանվել է եւ քիչ թե շատ վերաբնակեցվել է դրանցից 50-ը, ապա դա նորմալ երեւույթ չէ: ... Մարդիկ պետությանը հավատացել են, գնացել են այդ տարածքներ եւ հայտնվել են կոտրված տաշտակի առջեւ: ... Տեղի իշխանություններին այնտեղ մնարդիկ պետք չեն: Նրանց պետք է մարդկանց անուններ, որպեսզի նրանց անունով օգնություններ ստացվեն եւ թալանվեն», - ասում է Ռոբերտ Սիմոնյանը:

Նա փաստաթղթերով հավաքել է նաեւ օգնությունների յուրացման փաստերը: Օրինակ` ՀՀ պետբյուջեից տարեկան հատկացվել է 10 մլն. դրամ Քաշաթաղի դպրոցի գույքի գնման եւ աշխատավարձերի վճարման համար: Իրականում այդպիսի դպրոց Քաշաթաղում գոյություն չի ունեցել մինչեւ 2001 թվականը: «Քաշաթաղ» հ/կ անդամներն ահազանգում են, որ անտերության պայմաններում հիմնովին վերացվել են սահմանամերձ մի շարք գյուղեր, ինչպիսիք են Կառաբելին, Բագարանը եւ այլն:

Քաշաթաղում տիրող ամենաթողության փաստերը տարիներ շարունակ ներկայացվել են ՀՀ եւ ԼՂՀ նախագահներին, ՀՀ դատախազությանը, ԱԱ եւ ՆԳՆ ղեկավարներին: Այդ օղակներից եւ ոչ մեկը ստացված ահազանգերին ոչ մի ընթացք եւ ոչ մի պատասխան չի տվել: Միայն շատացել են նաեւ ֆիզիկական բռնությունները «Քաշաթաղ» հ/կ անդամների եւ նրանց ընտանիքների հանդեպ: