Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԵՄԻՐՃՅԱՆԸ 2 ՄԱՐԶ ԳՐԱՎԵՑ 1 ՕՐՈՒՄ

Քաղաքականություն

Հանրապետության նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի այցելած բնակավայրերի թիվը երեկ հասավ 110-ի: Այդ ընթացքում նախագահի թեկնածուի համար մորթել է 76 գառ եւ 2 ցլիկ: Թեկնածուն անցել է ավելի քան 3 հազար կիլոմետր: Երեկ Ստեփան Դեմիրճյանը Վայոց ձոր եւ Սյունիքի մարզ կատարած այցելությունն սկսեց Եղեգնաձորից: Տեղացիները նրան դիմավորեցին «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգով:

Թեկնածուի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Հարությունյանը հայտարարեց, որ «Քոչարյանը մեռած հոգիներ է հավաքում իր ձայներն ապահովելու համար»: ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ժողովրդի դեմ խաղ չկա: 13 տարեկան Արտյոմը սուլում էր բոլոր ելույթների ավարտին: Նա համաձայն էր բոլորի հետ. «Քոչարյանին են քցելու, չէ՞»:

Եղեգնաձորում թեկնածուն միանգամից անդրադարձավ «Օրակարգ» վերլուծական ծրագրի հեռուստադեբատից հրաժարվելու հարցին. «Էդ որ ասում են, թե ես դժվար հարցերից խուսափեցի: Ստեփան Դեմիրճյանի համար դժվար հարցեր չկան, դժվար հարցեր Քոչարյանի համար կան»: Անմիջապես հետո թեկնածուն շարունակեց. «Պետք է էդ աղբը մեր երկրից մաքրենք»:

Այնուհետեւ Ստեփան Դեմիրճյանը ուղեւորվեց Սյունիք: Վայքում ոչ ոք թեկնածուի ճամփան չփակեց եւ փաստորեն տապալվեց հերթական չնախատեսված հանդիպումը:

«Յակուբովիչն» ընտրակաշառքին դեմ չէ

Գորայքում Ստեփան Դեմիրճյանի կանգառը չնախատեսվածներից էր: Նրա շտաբի աշխատակից Վարդան Գրիգորյանը հայտարարեց. «Դուք դիմավորում եք ազգընտիր մի մարդու, որը երեւի թե փետրվարի 19-ին ամբողջ ազգի ընտրությամբ կշարունակի մեր երկրի վերելքը: Մոտ հազարի հասնող գյուղացիները ծափահարեցին: Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ «գնում ենք ընտրությունների եւ ընտրում ենք մեր խղճով»:

Գորայքցի 52-ամյա Հրանտ Սարգսյանը տեղեկացրեց, որ օրերս իբրեւ ընտրակաշառք գյուղացիներին երեխաների հագած շորեր են բաժանել. «Երեւի երկրաշարժի ժամանակից մնացած շորեր էին»: յուղի «Յակուբովիչ» Հրանտ Կարապետյանը նկատեց, որ «սալյարկա կուզեին, բայց ոչ մի լիտր սալյարկա չեն տվել»: Գյուղացիներից մեկը պարոն Դեմիրճյանին հարցրեց. «27-ը բացահայտվելո՞ւ է»: «Մենք հետամուտ ենք լինելու»: Մեկ ուրիշին հետաքրքրում էր ընտրություններում երկրորդ փուլի հնարավորությունը: «Էդքան հավես ունե՞ք»,- հարցրեց Ստեփան Դեմիրճյանը: 72-ամյա Օգսեն Կարապետյանին անչափ դուր է գալիս այն, որ թեկնածուն իրենց «սիրած մարդու» որդին է. «Պիտի ընտրվես, մեր ձայնը տալու ենք Կարենի տղուն»:

Սառնակունքում Ստեփան Դեմիրճյանը գյուղացիներից չթաքցրեց, թե ինչ տհաճություն է զգում մատաղի արարողության ժամանակ: Նա շուռ էր տալիս գլուխը: Այս գյուղում սպասում են, որ Վազգեն Մանուկյանն էլ է կանգնելու Ստեփան Դեմիրճյանի կողքին: Մի ծերունի հանպատրաստից բանաստեղծություն նվիրեց թեկնածուին. «Մոտենում ենք ուրախ երգով, բյուլետեն ենք քցում մեր արդար ձեռքով»: Ստեփան Դեմիրճյանը հուզված էր: Նա նշեց, որ փետրվարի 20-ից «անցնելու ենք գործի»: Ըստ նրա, այս երկրում վստահության մթնոլորտի ստեղծումն առաջնահերթ է. «Եթե իշխանություն-ժողովովուրդ իրար հետ եղան, կամաց-կամաց էս վիճակից դուրս կգանք»:

Մարզպետն իր սերն է պարտադրում սիսիանցուն

Սիսիանում թեկնածուին սպասում էր ավելի քան 3 հազար մարդ: Տեղացիներն առնվազն 2 ժամ սպասեցին ձյան եւ բուքի տակ: Քաղաքի մուտքի պաստառն արձանագրում էր, որ «Սիսական աշխարհի ընտրյալը Ռոբերտ Քոչարյանն է»: Հրապարակի պաստառի վրա գրված էր. «Քոչարյանին այլընտրանք չկա»: Այստեղ թեկնածուին միացավ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Նա սիսիանցիներին հարցրեց. «Ըտենց սեր ունե՞ք Քոչարյանի հանդեպ»: Տեղացիները խոստովանեցին, որ պաստառները «մարզպետի արածն են»: «Էդ մարդը Վազգենի անունը շուրթերին ման էր գալիս»,- տեղեկացրեց Արամ Զ. Սարգսյանը:

Վերջինս մի քանի մանրամասն ներկայացրեց գործող նախագահի անձնական կյանքից. «Երկու օր առաջ իրան սուր նվիրեցին, ասեց՝ բա որ ես էս սրով գնամ քաղաք, մի բան անեմ, ո՞վ է պատասխան տալու»: «Էդ մարդուն կտրող ծակող բաներ մի նվիրեք, սիրելի ժողովուրդ»,- կոչ արեց Արամ Զ. Սարգսյանը: Այստեղ թեկնածուն հայտարարեց, որ «հասնելու ենք նրան, որ իշխանությունը մոտեցնենք մարդուն»:

Սիսիանցիները բուռն էին արձագանքում թեկնածուի ամեն մտքին: Մասնավորապես պարոն Դեմիրճյանը նշեց, որ դատարանները պետք է արդար լինեն: Նա ավելացրեց նաեւ, որ ծանրագույն հանցագործություն է ժողովրդի ձայնը կեղծելը, «որը չի ներվելու»: Ի դեպ, Սիսիանը նախագահի թեկնածուին ճանապարհեց «Երեւան դարձած իմ Էրեբունի» երգով:

Փետրվարի 19-ին կփակվի երկրի թիվ 1 ՓԲԸ-ն

Գորիսի մուտքի մոտ թեկնածուի ոտքերի առաջ մորթեցին մի մատղաշ գառ: Արամ Զ. Սարգսյանն արտասանեց. «Մի անգամ Հալեպում մի շուն տաճիկ հայհոյեց իմ ազգը եւ ես բռնեցի այդ թլպատված շան կոկորդից...»:

Քաղաքի հրապարակում հավաքվել էր ավելի քան 5 հազար մարդ՝ հիմնականում երիտասարդներ եւ կանայք: ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը պատասխանեց իշխանությունների կողմից վերջին ժամանակներս Ստեփան Դեմիրճյանի եւ Արամ Զ. Սարգսյանի հասցեին հնչած մեղադրանքներին. «Էդ ո՞ւմ են մեղադրում աթոռակռիվ տալու մեջ: Արամը վարչապետ չէ՞ր: Թողեց դուրս եկավ: Ստեփանը մեծամասնության մեջ չէ՞ր: Կարող էր, չէ՞, բաշխիչ ցանցերին դեմ չքվեարկել ու մնալ իշխանության մեջ»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Ալբերտ Բազեյանը մեկնաբանեց, թե երկրապահներն ինչու են 5 տարի առաջ աջակցել Քոչարյանին. «Մենք չենք աջակցել, որ երկիրը դարձնեն «Սերժ եւ Ռոբերտ» ՓԲԸ»: Ամեն ելույթի ընթացքում գորիսեցիները խնդրում էին արագացնել իշխանափոխությունը, «գոնե 10 տոկոսով բարձրացնել թոշակները», աջակցել դպրոցներին: 9-րդ դասարանցի մի աղջնակ նախագահի թեկնածուին հարցրեց. «Որ ընտրվեք, ի՞նչ եք անելու երիտասարդության համար»: «Պետական հոգածություն, աջակցություն: Նույնը նաեւ ծերերի նկատմամբ»,- պատասխանեց նախագահի թեկնածուն:

«Ամենայն Հայոց»-ը Աստծո որոշելիքն է, ոչ թե ժողովրդի

Կապանում ուժեղ ձյուն էր տեղում: Չնայած դրան՝ հավաքվել էր մոտ երեք ու կես հազար մարդ: Կապանցիները տեղեկացրին, որ երեկ ժամը 17-ին (թեկնածուի հետ հանդիպման ժամին) քաղաքի բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները ժողով են հրավիրել: «Ժողովուրդը կամ ընդունում է, կամ չի ընդունում: Էդքան խելք չունեն, որ հասկանան»,- հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը: Վերջինիս շտաբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը կապանցիների համար մանրամասնեց, թե ինչու է թեկնածուն այցելել Սյունյաց աշխարհ. «Դեմիրճյանն այստեղ է, որպեսզի շարունակի ոճրագործների կողմից կիսատ թողած մեր մեծերի գործը»:

Պարոն Հարությունյանը հանդես եկավ նաեւ հռետորական հարցադրմամբ. «Ո՞վ է մեղավոր, որ այսօր գոյություն ունի հայաստանցի եւ ղարաբաղցի տարանջատումը»: Հավաքվածները հայտարարեցին. «Ռոբերտ Քոչարյանը»:

Շտաբի ներկայացուցիչ Վարդան Գրիգորյանը անդրադարձավ Ստեփան Դեմիրճյանի՝ Կարեն Դեմիրճյանի որդին լինելու շահարկումներին. «Կարեն Դեմիրճյանն այնքան էր սիրում իր ազգին, որ նույնիսկ մտածեց իրենից հետո ժառանգ թողնել, որը կավարտի հոր գործերը»:

Նախագահի նախկին թեկնածու Արամ Զ. Սարգսյանը եւս մեկ անունով համալրեց այն անվանի մարդկաց շարքը, որոնք չեն պատրաստվում իրենց ձայնը տալ Ռոբերտ Քոչարյանի օգտին. «Կարծում եք, Ջիվան Գասպարյանն իր ձայնը տալո՞ւ է: Ոչ: Որովհետեւ, երբ Ջիվանը դուդուկ է նվագում, տեսնում է, որ Քոչարյանը բան չի հասկանում»:

Ի դեպ, Կապանում պաստառներից մեկի վրա Ստեփան Դեմիրճյանի մասին նշված էր. «Ամենայն Հայոց, Հայաստանի Հանրապետության եւ համայն հայության նախագահ»: Տեղացող առատ ձյունը պղտորել էր «Ամենայն Հայոց»-ը: