Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ, ԲԱՅՑ ՓԱՅՏԸ ՁԵՌՔԻՑԴ ՄԻ ԳՑԻՐ

Քաղաքականություն

Օրեր առաջ Հանրային հեռուստատեսությունը ներկայացրեց մի տեսանյութ, որտեղ թաղապետարանին ընդդիմության ներկայացրած ընտրացուցակային անճշտություններում թերություններ էին հայտնաբերվել: Մասնավորապես, ստուգվել էր ընդդիմության ներկայացրած ցուցակը անճշտությունների վերաբերյալ եւ պարզվել էր, որ «43 մահացածներից եւ ոչ մեկը մահացած չի, բոլորն էլ ողջ են, դեռ ավելին ` մահանալու մտադրություն էլ չունեն»:

Շենգավիթի համայնքում ցուցակային անճշտություններով զբաղվող խմբի ղեկավար, 16-ի միասնական շտաբի անդամ Ռոմիկ Մխիթարյանը այս միջադեպը անվանեց ծուղակ, պատրաստած իշխանությունների կողմից:

«Ստեղված է նախաձեռնող խումբ, որը հասարակական հիմունքներով զբաղվում է ընտրական ցուցակների ճշտման հարցերով, խումբը թաղապետարանին է ներկայացնում դիմումներ` խախտումների արձանագրման դեպքում, իսկ թողապետարանը եռօրյա ժամկետում պետք է պատասխանի այդ դիմումներին: Եռօրյա ժամկետը լրացել է, սակայն Շենգավիթի 25 տեղամասերում հայտնաբերված անճշտություններից թաղապետարանը անդրադարձել ու պատասխանել է միայն այն ընտրական տեղամասի ցուցակին, որտեղ հայտնաբերվել էր մեր կողմից ներկայացված սխալ փաստեր: Ես չեմ հասկանում թաղապետարանի կազմակերպած շոուն` Արբակ Աբրահամյանի գլխավորությամբ: Այն ինչ այսօր մենք անում ենք, պետք է իրականացնեին իրենք, մենք փաստացի օգնում ենք նրանց ճշտել ցուցակները, դա նրանց կողմից ընդունվում է սվիններով եւ նույնիսկ նրանք կազմակեպում են ծուղակներ մեզ համար», - հայտարարեց Ռոմիկ Մխիթարյանը:

Ըստ նրա, նախաձեռնող խմբի կողմից ցուցակների ճշտումով զբաղվել է Ռուզաննա Եսայանը, որը զոհված ազատամարտիկի կին է: Ցուցակները բնակարան առ բնակարան ստուգելու ժամանակ նա հանդիպել է նույն թաղամասի համատիրության ղեկավար Ժենյա Մարտիրոսյանին, որը առաջարկել է իր օգնությունը` ասելով, որ ինքը հոգով ընդդիմության հետ է, ուղղակի ի պաշտոնե ստիպված է ցույց տալ, որ օգնում է Ռ. Քոչարյանի շտաբին: Հենց նա էլ հեղինակել է այդ սուտ տվյալները: Շտաբն էլ վստահելով ներկայացված անճշտություններին ` լրացուցիչ ստուգման է ուղարկել թաղապետարան: «Այլեւս նման ծուղակներ չենկ ընկնի», - խոստացավ Ռոմիկ Մխիթարյանը եւ ներողություն խնդրեց այն քաղաքացիներից, ովքեր այս անգամ ընդդիմության մեղքով, բայց իշխանությանը հայտնի կեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ համարվեցին «հանգուցյալ»:

Իշխանությունների կողմից ներդրված Ժենյա Մարտիրոսյանը արդարացել է, թե իբր ինքը անձնագրային բաժնից ճշտել է մահացածների ցուցակը: Ապա նաեւ ավելացրել, թե «ինձ ընկերական խնդրեցիք, ես էլ ընկերական օգնեցի»: Պարզապես ընդդիմությունը պետք է մինչ օրս հասկացած լիներ, որ այս իշխանության հետ ընկերություն չեն անում: