Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՐՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ

Քաղաքականություն

Արտաշատում Հայկ Բաբուխանյանի դանակակարությունից երկու օր հետո ԿԸՀ-ն հանդիպման էր հրավիրել Հայաստանի ոստիկանության սպայակազմին՝ ոստիկանության ծառայության պետի տեղակալ, գեներալ մայոր Հովհաննես Վարյանի գլխավորությամբ:

Գեներալը հանձնաժողովականներին, միջազգային դիտորդներին եւ լրագրողներին զեկուցեց, որ գործի քննությունը շարունակվում է, հարուցվել են քրեական գործեր ընտությունների ընթացքը խանգարելու եւ խուլիգանության հոդվածներով: Կատարվում է ծառայողական քննություն՝ կատարվածում արտաշատցի ոստիկանների հնարավոր մեղքը պարզելու կամ հերքելու նպատակով:

Վարյանը հայտարարեց, որ Բաբուխանյանին ծեծի ենթարկելու եւ դանակահարելու միջադեպի իրական պատճառը Բաբուխանյանի կրակոցն է եղել: Ոստիկանության գեներալը նաեւ կարծում է, որ Բաբուխանյանի նկատմամբ էլ հարկավոր է քրեական գործ հարուցել:

Դեպքի օրը Արտաշատում եղած ԿԸՀ անդամ, ԱԺՄ-ական Պավել Եդիգարյանը գեներալին պատմեց, որ մինչեւ Բաբուխանյանի դանակահարությունը հավաքաված մի խումբ մարդիկ հայհոյել են նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին եւ փորձել են նրանից խլել միկրոֆոնը: Եդիգարյանը, ներկայանալով, որպես ԿԸՀ անդամ, խնդրել է տեղի ոստիկանության բաժնի պետի տեղակալին օգնել, սակայն արձագանք չի ստացել: «Երբ սեռական բնույթի հայհոյանք են տալիս՝ խուլիգանություն է, բայց որ ասում են գնա, քեզ չենք ուզում լսել՝ նորմալ է», - հանձնաժողովականին բացատրեց գեներալը: Եդիգարյանը սպառնաց կրկնել, թե ինչ հայհոյանքներ էին արտաբերում արտաշատցիները: Անդրդվելի Վարյանն անցավ մասնագիտական նրբությունների՝ բացատրելով, որ հավաքված միտինգավորների մեջից խուլիգանի ձերբակալությունը կարող է դիտվել, որպես սադրանք եւ միտինգը խանգարելու փորձ: Այդ պատճառով էլ ոստիկանները հաճախ կարգ խանգարողներին ձերբակալում են միտինգի ավարտից ժամեր հետո:

Արտաշատի թեման եզրափակելով, Վարյանը տեղեկացրեց, որ ծանոթ է մամուլում հրապարակված՝ Արամ Զ. Սարգսյանին ուղղված սպառնալիքներին: Նա տեղեկացրեց, որ այսօր նախկին վարչապետի նախընտրական հանդիպումները Արտաշատում կապահովեն 100 ոստիկաններ: Համեմատության համար նշենք, որ Բաբուխանյանի միջադեպի ժամանակ հրապարակում եղել է 15 ոստիկան: Փետրվարի 19-ին ընտրությունների խաղաղ ընթացքը ապահովելու համար ներգրավվելու է 10 հազար ոստիկան: