Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

05/02/03 <p> «ԲԱԶԵ» ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ

Քաղաքականություն

Բաղրամյան փողոցով անցնողների ուշադրությունը երեկ գրավում էր ԱԱ շենքի մոտ կարճատեւ իրարանցումը: «Սցենարով» նախատեսված էր, որ երիտասարդները` ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի մոտ բուռն կերպով կարտահայտեն իրենց համակրանքը գործող նախագահի հանդեպ:

Այդ արարողության համար երիտասարդները հատուկ պատրաստվել էին եւ այդ գործում իրենց, ամենայն հավանականությամբ, աջակցել են պետական մարմինները, մասնավորապես Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության աշխատակիցները: Դրա մասին վկայում էր այն փաստը, որ միջոցառման «կոնֆերանսյեի» պարտականություններն իրականացնում էր վերոհիշյալ վարչության աշխատակիցը, իսկ վարչության պետը հեռվից հետեւում էր` հավանաբար համոզվելու համար, որ «երիտասարդների կամքի արտահայտումը» կյանքի է կոչվում նույն այն ճշգրտությամբ, ինչպես եւ մշակվել էր:

Իսկ ակցիայի էությունը հետեւյալն էր. հագնելով հանրապետության դրոշի գույներով գլխարկներ, շարֆեր եւ թափահարելով նույն գույնի դրոշեր, մի քանի տասնյակին հասնող երիտասարդներ (որոնք անցյալ տարի լավ ամառ անցկացրեցին «Բազե» համահայկական-երիտասարդական ճամբարում) հնչեցրեցին «Բազե» հիմնը, ուսանողուհի Աննա աբրիելյանը բոլորի անունից ոգեշունչ իր ելույթում հավանության արժանացրեց Ռոբերտ Քոչարյանի վարած արտաքին, ներքին եւ երիտասարդությանն ուղղված քաղաքականությունը:

Դրանից հետո Երգի Պետական Թատրոնի երգիչները ոգեւորությամբ երգեցին մի երգ, որի ընթացքում «երիտասարդ բազեների» շարքում ակտիվություն էր փորձում մտցնել Հայաստանի` առաջին քայլերն անող շոու-բիզնեսի կարկառուն ներկայացուցիչներից մեկը:

20 րոպեանոց միջոցառումից հետո երիտասարդները նստեցին իրենց համար նախապատրաստված «Իկարուս» մակնիշի 6 ավտոբուս եւ ուղեւորվեցին Հանրապետության մարզեր` նույն ոճի երգ ու պարով բազեական առաքելություն իրականացնելու համար:

Ի դեպ, երիտասարդների միջոցառմանը ներկա չէր ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: Երիտասարդներին ուղղված իր ուղերձն ընթերցեց նախագահի երիտասարդ, բայց արդեն առաջին օգնական Արմեն եւորգյանը:

Հարկ է հիշեցնել, որ 2002 թվականի տարեվերջին Կառավարությունը որոշում կայացրեց 2003 թվականի պետբյուջեից որոշակի գումար հատկացնել «Բազե» համահայկական-երիտասարդական ճամբարի աշխատանքները կազմակերպելու համար: Իսկ երեկվա հզոր բարձրախոսները, «Իկարուսներն» ու Հանրապետության ողջ տարածքում երիտասարդների «կամավոր» քարոզչական հյուրախաղերը որոշակի գումար են կազմում: