Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԱՓԱՆՑԻԿՆ ԵՂԱՎ, ՄՆԱՑ ԱԶԱՏՆ ՈՒ ԱՐԴԱՐԸ

Քաղաքականություն

Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում առաջին անգամ կկիրառվեն թափանցիկ քվեատուփեր։

Ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածում նշվում է, որ քվեատուփերը կարող են պատրաստված լինել թափանցիկ նյութից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել էր օրենքի այդ դրույթի կիրառումից՝ պատճառաբանելով ֆինանսական բավարար միջոցների բացակայությունը։

Թափանցիկ քվեատուփեր ապահովելու գործը իշխանությունների փոխարեն նախաձեռնեց եւ իրականացնում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը։ Երեկ համապատասխան հուշագիր ստորագրեցին ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դեսպան Ռոյ Ռիվը։

Թափանցիկ քվեատուփերը տրամադրելու է Գերմանիայի կառավարությունը։ Դրանք 2000 հատ են եւ Երեւան են բերվելու փետրվարի 11-ին։ Գերմանիայից Երեւան տեղափոխումը եւ քվեատուփերն ըստ ընտրատարածքների բաշխումը իրականացվելու է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջոցներով։

Արտակ Սահրադյանը պատմում է, որ առաջարկել է, որպեսզի քվեատուփերը պատրաստվեն Հայաստանում։ Նա բացատրում է, որ մտածում է տեղական արտադրողի մասին.«որովհետեւ լուրջ պատվեր էր եւ հաճելի պատվեր կլիներ արտադրողների համար»։ Սակայն, Սահրադյանի առաջարկը չի ընդունվել, քվեատուփերն արդեն պատրաստում են գերմանացիները։

Տուփերի եւ տեղափոխման արժեքն անհայտ է ՝ Ռոյ Ռիվը չի պատասխանում գնի վերաբերյալ հարցերին, իսկ Սահրադյանը նշում է, որ նվերի գնի մասին խոսելն էթիկայի կանոններից դուրս է։

Ի դեպ, երբ մի քանի ամիս առաջ ԿԸՀ-ում քննարկվում էր թափանցիկ քվեատուփեր պատվիրելու ֆինանսական հնարավորության հարցը, Արտակ Սահրադյանը պնդում էր, որ մեկ թափանցիկ տուփն արժե 100 ԱՄՆ դոլար։ Պարզ հաշվարկով ստացվում է, որ ըստ այդ չափման միավորի, միայն քվեատուփերի պատրաստումը արժենալու է 200 հազար ԱՄՆ դոլար։

Թափանցիկ ընտրություններ ապահովող արկղերը պատկանելու են ԿԸՀ-ին։ Դրանք կօգտագործվեն նաեւ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Ընտրական գործընթացների եւ խախտումների գիտակները բացատրում են, որ թափանցիկ քվեատուփի կիրառումը կարող է նվազեցնել ընտրակեղծիքների մակարդակը։ Թափանցիկությունը բացառում է քվեատուփը մինչեւ առավոտյան ժամը 8.00-ը, ընտրությունների սկիզբը, քվեարկած քվեաթերթիկներով լցնելը։

Դժվարանում է նաեւ մի քանի քվեաթերթիկ խրձով արկղ լցնելու տարածված ընտրակեղծիքի կիրառումը։ Մնում է, որ լավ աշխատեն թեկնածուների վստահված անձիք եւ դիտորդները։