Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏԻՎՆԵՐ «ԱՐԺԱՆԱՎՈՐ» ՆԱԽԱԳԱՀԻՆ

Քաղաքականություն

Փետրվարի 5-ին Ռոբերտ Քոչարյանին պարգեւ եւ մեդալ հանձնելու նպատակով Երեւան կժամանի ռուսական բազմամարդ պատվիրակություն:

Վերջին երկու շաբաթը միաժամանակ նախագահի եւ նախագահի թեկնածուի դեմքով հանդես եկող Քոչարյանին կշնորհվի Սվյատոսլավ Ֆեդորովի անվան միջազգային մրցանակ եւ Ա. Ս. Պուշկինի 200-ամյակին նվիրված «Լուսավորչության Նախանձախնդիր» մեդալ:

Նման պատվի Քոչարյանը արժանացել է հայ-ռուսական բարեկամության եւ համագործակցության խորացման, ինչպես նաեւ տնտեսական, գիտատեխնիկական եւ պատմամշակութային կապերի խորացման համար:

Մեդալը եւ մրցանակը կհանձնի Աշխատավորների ինքնորոշման ռուսական կուսակցության նախագահ, «Ռոսսիյա» շարժման քաղխորհրդի փոխնախագահ Լեւոն Չախմախչյանը:

Ավանդույթի համաձայն, Սվյատոսլավ Ֆեդորովի անվան մրցանակի հանձնումը կայանում է նախկին մրցանակակիրների ներկայությամբ: Ավանդույթը պահպանելու համար Երեւան կժամանեն նաեւ Իոսիֆ Կոբզոնը, Նիկոլայ Ռիժկովը, ռուս պետական եւ հասրակական այլ գործիչներ:

Պուշկինի հիշատակին նվիրված մեդալը ժամանակին շնորհվել է նաեւ Ալեքսանդր Լուկաշենկոյին ,Ղրղզստանի նախագահ Ասկար Ակաեւին եւ այլ գործիչների:

Մրցանակ եւ մեդալ հանձնող ռուսական պատվիրակությունը, ավանդույթի համաձայն, կհանդիպի նաեւ Գարեգին Բ.-ին եւ Արմեն Խաչատրյանին: