Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Քաղաքականություն

Եթե մենք ձայներս չտանք Ռոբերտ Քոչարյանին, ապա կզրկվենք աշխատանքից, իսկ դա նշանակում է, որ կզրկվենք նաեւ պատվից:

Այս եւ նմանատիպ այլ խոսքեր շշնջացին լրագրողիս ականջին` Էրեբունի համայնքի մի շարք ուսուցիչներ` Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ: Նրանք նաեւ ասացին, որ համայնքի բոլոր ուսուցիչները եւ աշակերտները հարկադրաբար են մասնակցում քարոզչությանը:

Մատաղ սերունդը կրթող, դաստիարակող մանկավարժները կարելի է ասել չափազանց զգուշավոր էին: Ասելիքն ասելուց հետո անմիջապես հեռանում էին, հավանաբար խուսափելով իրենց քոչարյանամետ գործընկերներից:

Ինչու են վերջիններս ընտրում գործող նախագահին` հարցը բոլորովին չշփոթեցրեց նրանցից ոմանց, նույնիսկ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ սպասում էին այդ հարցին:

Իսկ պատասխանները հիմնականում այսպիսին էին` 5 տարի լավ է աշխատել, բացել է գործարաններ, ստեղծել է աշխատատեղեր: Պարույր Սեւակի անվան դպրոցի ուսուցչուհի Ալվարդ Կարապետյանը նախագահին ընտրում է հենց միայն այն բանի համար, որ Երեւանը գեղեցկացել է, սակայն քիչ հետո այնուամենայնիվ ավելացնելով` բայց լավ կլիներ որ ուշադրություն դարձվեր նաեւ դպրոցների եւ կրթական համակարգի վրա:

Նույն դպրոցի քիմիայի ուսուցչուհի Ռուզաննա Հովհանիսյանը շոտասելուկի պես գովելով թեկնածուին երկրի կայունությունը ապահովելու համար, սակայն չմոռացավ նշել, որ երկրի իրավական դաշտը կաղում է, «օրենքներ են հնարում, ուրեմն թող գործեն այդ օրենքները, մարդիկ դրանից շատ են տուժում»:

Իսկ Երեւանի թիվ 92 դպրոցի ուսուցիչ Սամսոն Սաշիկյանը Քոչարյանին ընտրելու բացառիկ արդարացում ունի, «դուրս գալիս է»:

Կրթական համակարգի ներկայացուցիչներն ի դեպ որպես համալրում էին «բերվել», ավելի իրական պատկեր ստեղծելու համար: Լրագրողներից շատերը, ընդ որում նաեւ իշխանամետները, հավաստիացնում էին, որ բազմաթիվ մարդիկ մշտապես ուղեկցում են թեկնածուին, դրա դիմաց շտաբից ստանալով մի կլորիկ գումար: Այդ մարդիկ հիմնականում անտուն, ողորմություն հավաքող եւ ծայր աղքատության հասած փախստականներ էին:

Երբ հարց է հնչում, թե ինչու է ընտրում Ռոչարյանին, ինչ լավ բան է արել իր համար, պատասխանը մեկն է` ոչ մի բան, բայց մեկ է իրեն եմ ընտրելու:

Երեկ նախընտրական հանդիպում կայացավ նաեւ Աջափնյակի բնակիչների հետ: Նույն ընտրազանգվածին միացել էին տեղի իշխանական մարմինների հրահանգով եկած մարդիկ, ի դեպ կրկին ուսուցիչներ: