Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽԱՂԸ ԴԵՌ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ

Քաղաքականություն

ՀՀ քաղաքական դաշտում դաշինքային վերաձեւակերպումներն առայժմ ավարտված չեն: Այդ պատճառով իրենց վերջնական դիրքորոշման մասին առայժմ չեն հայտարարում ԱԻՄ անդամները` Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ:

Իսկ առայժմ նրանք պաշտպանում են ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանին: Այդպես չի շարունակվի, եթե պատկերացնենք, որ 16-ի միասնական թեկնածուի առաջադրման խնդիրը լուծվում է, եւ այդ միասնական թեկնածուն Արտաշես Գեղամյանը չէ:

«Արտաշես Գեղամյանին պաշտպանելը չի նշանակում, որ ԱԻՄ-ը կպաշտպանի նրան, ում կպաշտպանի Արտաշես Գեղամյանը»,- հայտարարում է Պարույր Հայրիկայնը, որը որեւէ առնչություն չի ցանկանում ունենալ 16-ի միավորման հետ:

Ի դեպ, մի առիթով կոմունիստներն իրենց հերթին հայտարարել են, որ եթե 16-ի դաշինքի մեջ մտնի նաեւ Պարույր Հայրիկյանն, ապա այդ երկու կուսակցության համագործակցությունը նույն միավորման շրջանակում հարցականի տակ է դրվելու:

Եթե միասնական թեկնածուն Արտաշես Գեղամյանը չլինի, այդ դեպքում ԱԻՄ վեհաժողովի ժամանակ որոշվելու է կուսակցության հետագա դիրքորոշումը:

«Որեւէ թեկնածուի մերժելու ծրագիր չունենք: Կարեւորն այն է, թե այդ թեկնածուն ինչպես իրեն կպահի ԱԻՄ ծրագրերի հանդեպ»:

Միաժամանակ աիմականները դժգոհում են Ռոբերտ Քոչարյանից եւ սխալ համարում գործող նախագահի այն հայտարարությունը, թե «ես էն նախագահն եմ, որ բոլոր խոստումներս կատարել եմ»:

Բոլոր խոստումների կատարման մասին խոսք լինել չի կարող` թեկուզ այն առումով, որ 98-ին աիմականների ձայները ստանալու նպատալով Սահմանադրական բարեփոխումներ խոստացող Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ չիրականացրեց ԱԻՄ այդ ծրագիրը:

Գործող իշխանություններից դժգոհելու առիթ ԱԻՄ-ն էլի ունի: Կուսակցության դեմ «խարդավանք» է որակվում այն փաստը, որ Վանաձոր քաղաքում 14 տարի շարունակ ԱԻՄ-ի կողմից վարձակալվող տարածքը վերցրել են կուսակցությունից եւ տվել մեկ այլ կառույցի, որը խոստացել է այդ տարածքում ստեղծել Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբ: «Այն, ինչ չի եղել ՀՀՇ ժամանակ եղավ Հանրապետականների օրոք»,- ասում է Պարույր Հայրիկյանը եւ վերհիշում, որ Հանրապետականները սկիզբ են առել ԱԻՄ-ից, հետո դավաճանել, այնուհետեւ դավաճանել են երկրապահներին եւ այդպիսի դավաճանություններով այսօր հասել են իշխանության:

Նախընտրական շրջանում Արտաշես Գեղամյանին պաշտպանելուց հետո Պարույր Հայրիկյանը «վատ է տանում» այն լուրերն ու խոսակցությունները, թե ԱԻՄ-ը միացել է կոմունիստներին: ԱԻՄ առաջնորդն ընդանրապես «հունից դուրս է եկել», երբ Հանրային Հեռուստատեսության հաղորդումներից մեկի ժամանակ գրվել է Վլադիմիր Իլիչ Հայրիկյան:

Պարույր Հայրիկյանը խոստովանում է, որ վերջին տարիների ընթացքում շփվել է ընդամենը մեկ կոմունիստի հետ` Գագիկ անունով, որին միայն բարեւել է: Հուշումներից հետո նա վերհիշեց այդ կոմունիստի ազգանունը: Պարզվում է, դա եղել է Գագիկ Թադեւոսյանը:

Պարույր Հայրիկյանը համարում է, նաեւ, որ կոմունիստները վաղուց իրեն անձնատուր են եղել, քանի որ այսօր ընդունում են Պարույր Հայրիկյանի դեմոկրատիայի ձեւը` ինչի համար ժամանակին ձերբակալում էին ԱԻՄ առաջնորդին: