Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇՎԻՄԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է

Քաղաքականություն

Այսօր Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը մտահոգություն է արտահայտել «հայերի եւ ադրբեջանցիների էթնիկ անհամատեղելիության» վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի վերջերս արած հայտարարության հետ կապված: «Անդրադարձը Եվրոպական պատմության մութ էջերին երբեք չի կարող ընտրական լավ ռազմավարություն լինել», - շեշտել է Վալտեր Շվիմերը, վերաբերելով Հայաստանում փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Ավելի ուշ այս տարի նախագահական ընտրություններ կկայանան նաեւ Ադրբեջանում:

«Ես դիմում եմ բոլոր թեկնածուներին, ինչպես Հայաստանում, նաեւ Ադրբեջանում, որպեսզի խուսափեն թշնամական եւ ատելի խոսքերից», - ասել է Վալտեր Շվիմերը, - «Մուտք գործելով ԵԽ, այս երկու երկրները պարտավորվել են խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, եւ մենք չափազանց լուրջ ենք վերաբերվում այդ պարտավորությանը», - հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:

«Եվրոպան, որին պատկանում են Հայաստանը եւ Ադրբեջանը, սկսվում է Եվրոպական այլազանությունը ընդունելուց, լինի դա էթնիկ, մշակութային թե կրոնական այլազանություն: Մեր երազանքն է` պահպանել եւ վայելել այլազանությունը», - եզրակացրել է պարոն Շվիմերը: