Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԲՐԻՖԻՆԳԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Քաղաքականություն

Հունվարի 29-ին Ստեփանակերտում կայացավ ԼՂ պաշտպանության փոխնախարար Վիտալի Բալասանյանի բրիֆինգը, որի ընթացքում նա ասաց.

«Հունվարի 28-ին 15:10 հայ-ադրբեջանական սահմանի Աղդամի հատվածում ադրբեջանցի նշանառուն սպանել է ԼՂՀ Զինված Ուժերի մի զինծառայողի:
Այդ հանցագործությունը կատարվել է այդ շրջանում ԵԱՀԿ առաքելության իրականացրած մոնիտորինգից 3 ժամ հետո:

Կատարվածը ԼՂՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է որպես կրակի դադարեցման մասին պայմանավորվածության կոպիտ խախտում:

Անհրաժեշտ են գտնում հիշեցնել, որ Ադրբեջանի կողմից սա պայմանավորվածությունը խախտելու արդեն երկրորդ դեպքն է վերջին ամսվա ընթացքում:

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի բանակի զինծառայող Էլմեդին Աբիեւին, որին հունվարի 8-ին գերի են վերցրել ղարաբաղյան ուժերը, ապա նրա առողջությունը բավականին ծանր է: Նա գտնվում է անվտանգություն եւ հանգիստ ապահովող պայմաններում, բժիշկների անընդհատ հսկողության տակ: Նաեւ ապահովված է ԵԱՀԿ եւ Կարմիր Խաչի ներկայացուցիչների մուտքը վիրավոր զինվորի մոտ:

Պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հայտարարությունը այն մասին, որ տարվում են բանակցություններ վիրավորին հանձնելու մասին, չեն համապատասխանում իրականությանը: ԼՂՀ գերիների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող ատյանները այդ հարցի վերաբերյալ որեւէ հայտ չեն ստացել:

Հաշվի առնելով Էլմեդին Աբիեւի առողջական վիճակը եւ բժիշկների այն կարծիքը, որին համաձայն զինվորի բուժումը անհրաժեշտ է շարունակել Լեռնային Ղարաբաղում, մենք կրկին հաստատում ենք մեր պատրաստակամությունը ընդունելու վիրավորի ծնողներին եւ երաշխավորում ենք նրանց անվտանգությունը»: