Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՍՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵՐԿԱՑՆՈՒՄ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Քաղաքականություն

1-2 օրից ՀԴԿ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Գասպարի Սարգսյանի նախընտրական շտաբը ողջ հանրությանը պատրաստվում է ներկայացնել նախընտրական շրջանում թույլ տրված բոլոր խախտումների ընդհանրական պատկերը:

Իսկ մինչ այդ Արամ Սարգսյանը ներկայացնում է իր տպավորությունները մարզերի բնակիչների հետ ունեցած հանդիպումներից: Մասնավորապես ՀԴԿ առաջնորդը վերադարձել է Գավառից: Այնտեղ իրենից շուտ նախընտրական եւ միաժամանակ աշխատանքային գործունեություն արդեն ծավալել էր ՀՀ գործող նախագահը:
«Մարդիկ թափառում են անգործությունից: Ինչ էին պատմում. եկել է պարոն Քոչարյանը Գավառ, 2 օր հետո այստեղի կաբելի գործարանը եւ տրիկոտաժի ֆաբրիկան կանգ են առել: Չեն աշխատում այլեւս»:

Բնակիչներից առավել համարձակները նախագահի դեմոկրատ թեկնածուին բողոքել են, որ «հատկապես գյուղապետերին հանձնարարված է իրենց ղեկավարած տարածքում Ռոբերտ Քոչարյանի համար ապահովել ընտրողների այնքան ձայն, որքան իրենք են հավաքել` ՏԻՄ ընտրությունների ժամանակ»:

Արամ Գասպարի Սարգսյանը տեղեկացնում է, որ ընտրությունների ընթացքին միասնական ուժերով հետեւելու համար արդեն ստեղծված են 16-ի վստահված անձերի ցուցակները: Իսկ միավորման շրջանակում լիդերին, այսինքն` միասնական թեկնածուին չհայտնաբերելու պատճառով, ստեղծված դաշինքի հանդեպ անվստահության զգացումը դեմոկրատը չի ընդունում: Ըստ Արամ Սարգսյանի, դա ավելի ճիշտ է, քանի որ «երկրի կառավարումը պետք է լինի կոլեգիալ` երկրի նախագահի գլխավորությամբ»:

Նախընտրական պայքարի թեման շարունակելով Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ իր նախընտրական շտաբի հեռախոսները վերջին 10 օրերի ընթացքում զանգում են առանց դադարի: Դեմոկրատները բնակիչներից ստանում են տարբեր խախտումների մասին ահազանգեր: Ի դեպ, Արամ Գասպարի Սարգսյանի հետ հանդիպմանը ներկա էին նաեւ ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելության 2 ներկայացուցիչներ: