Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԻ ՔԱՆԻ ՏԵՂՈՒՄ

Տնտեսություն

Ո՞վ է ի զորու նույն պահին, բայց տարբեր վայրերում միաժամանակ իր օգտին քարոզչություն անել: Այս հանելուկին իր գործողություններով երեկ պատասխանեց ՀՀ նախագահի թեկնածու` ՀՀ գործող նախագահը:

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում» 2-րդ հանրապետական համաժողովն, ըստ էության, նվիրված էր գործող իշխանության գովեւրգմանը :

Դա հեշտ է ենթադրել, եթե պատկերացնենք, որ միջոցառումը նախ կազմակերպվել է ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը (գործող վարչախմբի աշխատանքից, գոնե, մի քիչ դժգոհող ցանկացած գործարար դժվար թե կարողանա վարձակալել նմանատիպ մի տարածք), համաժողովին հրավիրվել էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ վարչապետի գլխավորությամբ, նախարարությունների, գերատեսչությունների, ՏԻՄ ներկայացուցիչներ: Իսկ դե մասնակից փոքր եւ միջին ձեռնարկատերերը նրանք էին, ով կարողանում է ներկայիս դժվար պայմաններում ծավալել ակտիվ գործունեություն:

ՀՀ բազմազբաղ նախագահը չկարողացավ հանգիստ խղճով մեկնել Արարատի մարզ, մինչեւ չկազմեց համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձը, որն էլ ընթերցեց ՀՀ արդյունաբերության եւ տնտեսական զարգացման նախարարը: Վերջինս` փոքր եւ միջին ձեռնարկատերերին, իր հերթին հավաստիացրեց, որ «հենց իրենք են հանդիսանում երկրի տնտեսության ողնաշարը»:

Ասվածն ապացուցելու համար հնչեցվեց եւս մեկ աճի թիվ. երկրի Համախառն Ներքին Արտադրանքի 30 տոկոսն ապահովում է փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը : Ըստ հավաքվածների, քննարկվող դաշտի կատարելագործման համար անհրաժեշտ է 3 գործոն. օրենսդրական դաշտի բարելավում, ձեռնարկատերերի եւ Կառավարության երկխոսություն, ձեռնարկատերերի միավորում:

Կարեն Ճշմարիտյանը գտնում է, որ առաջին երկու գործոնն արդեն իրականացման ընթացքի մեջ է. «ՀՀ իշխանություններն իրենց առաջին քայլն արել են օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ: Իսկ երկրորդ կետը` Կառավարության հետ երկխոսությունն, արդեն իրականություն է»:

Արդյո՞ք սա չի նշանակում, որ ձեռնարկված առաջին քայլերի դիմաց իշխանությունը ձեռնարկատերերից սպասում է պատասխան քայլերի, որպեսզի հետո նոր անցնի երկրորդ քայլերի փուլին:

Թեեւ համաժողովի մասնակիցները հիմնականում գոհ էին իշխանության կողմից իրենց համար ստեղծված աշխատանքային պայմաններից, այնուամենայնիվ, փորձելու են շտկել ոլորտում առայժմ առկա դժվարությունները: Հարկային եւ մաքսային համակարգերի, լիցենզավորման եւ սերտիֆիկացման համակարգերի, ֆինանսավորման հիմնախնդիրներն ուսումնասիրող 3 աշխատանքային խմբերի գործունեության արդյունքում ձեւավորվելու են իշխանություններին ուղղված առաջարկությունների փաթեթներ:

Ի դեպ, աշխատանքային խմբերի կողմից ուսումնասիրվող վերոհիշյալ բնագավառների ծավալը վկայում է այն մասին, որ ձեռնարկատիրությունը` լինի դա մեծ, միջին, փոքր, իշխանամետ կամ ոչ իշխանամետ, միեւնույնն է ունի ընդհանուր եւ բավական շատ խնդիրներ: