Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԴԱՈՐՍԻ ԵՆ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ

Քաղաքականություն

«ՀՀ իշխանական հանցավոր ռեժիմին 2002 թվականի ընթացքում բնորոշ էր մարդաորսը: Հիշենք հանրահավաքներից հետո դրանց մասնակիցների ձերբակալությունները: Իսկ տարվա վերջում Տիգրան Նաղդալյանի սպանությանը հետեւած ձերբակալությունները դրա վերջակետն էին»,-այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեցին «Սոցիալիստական Հայաստան» միավորման ներկայացուցիչները:

Նախագահի թեկնածու Գառնիկ Մարգարյանը նաեւ դիմեց իշխանություներին.«Եթե 37 թիվն է, ասեք` իմանանք»: «Սոցիալիստական Հայաստան»-ի խորհրդի անդամ Գայանե Մարկոսյանը տեղեկացրեց, որ մեր երկրում բռնությունների ճանապարհով հարց լուծելը դարձել է գործելակերպ:

Ըստ նրա, Տիգրան Նաղդալյանի սպանությունը իրոք ցնցեց ողջ հասարակությանը , սակայն դրան հետեւած անհիմն կալանավորումները այլ բան չէին, քան սխալ ուղղությամբ նույն հասարակությանը կողմնորոշելու փորձ: Իշխանությունների թիրախում հատկապես հայտնվում են մարդիկ, ովքեր հայտնի են իրենց դիրքորոշմամբ` կապված ազատագրված տարածքների եւ միջանցքների հետ :

Այսօր բոլոր կալանավորվածները ազատ են արձակված, բայց ասուլիսի հեղինակները հարկ են համարում նշել, որ ձարբակալման համար իրավական որեւէ հիմք չի եղել, նույնիսկ մեղադրանք չի ներկայացվել:

Ի դեպ, ապօրինի ազատազրկված անձանցից մեկը` Ազատ Արշակյանը, որին նույնպես մեղադրանք չի ներկայացվել, ՌԴ քաղաքացի է :

Նախագահի թեկնածու Գառնիկ Մարգարյանը հայտարարեց, որ իշխանությունների կողմից անցկացվում են փակ գաղտնի նիստեր, տրվում են հրահանգներ մարզպետներին, թե ով իր մարզում որքան ձայն ապահովի, քվեատուփերում քանի թերթիկ լինի գցած եւ այլն: Այդ մասին իրենք առանձին ասուլիս կհրավիրեն եւ կհրապարակեն այն փաստերը, որոնք չեն վնասվի երկրի անվտանգությանը:

«Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղաքական խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը խոսեց հայ-ռուսական հարաբերությունների մասին:

Ըստ նրա, նախորդ իշխանությունների օրոք, պատերազմի տարիներին Ռուսաստանը մեզ ընդունում էր որպես վստահելի ռազմավարական գործընկերոջ, իսկ այսօր ձեռնաշղթաներ է հագցնում մեր ձեռքերին: Վկան` Գույք պարտքի դիմաց ծրագրի իրականացումը:

«Չգիտես ինչու, Ռոբերտ Քոչարյանի ՌԴ կատարած այցի ընթացքում Վլադիմիր Պուտինի հայտարարությունը` կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ, մեր լրատվամիջոցների կողից մասամբ աղավաղվում է` ներկայացվում է հատվածաբար: Պուտինը հայտարարեց. անկախ ընտրությունների արդյունքներից հուսով եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վեկտորը չի փոխվի:

Հիշենք, որ Ռուսաստանի ղեկավարի Հայաստանի նախագահին պաշտպանելու նախադեպ եղել է. 1996 թվականին, երբ ռուսական ամենաբարձր իշխանությունը ցանկություն հայտնեց ընտրություններից հետո աշխատել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ»: