Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԻՄ-Ը՝ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀԵՏ

Քաղաքականություն

Այսօր ԱԻՄ վեհաժողովը 69 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ, որոշեց նախագահական ընտրություններին մասնակցել` ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի հետ թիմ կազմելով:

«Վեհաժողովը որոշեց պաշտպանել իր սկզբունքներն ու ծրագրերը եւ իր ողջ կարողություններով աշխատել Ազգային միաբանության կուսակցության նախագահի հետ», ասված է վեհաժողովի որոշման մեջ:

Արտաշես Գեղամյանի եւ ԱՄ կուսակցության հետ դաշինք կնքելն ըստ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի` ունի մի քանի պատճառներ: Նախ եւ առաջ ԱՄ կուսակցության «աշխարհընկալումը անմիջական աղերսներ ունենալով եվրոպական քրիստոնեադեմոկրատական կուսակցությունների գաղափարախոսությունների հետ, բազմաթիվ ընդհանրություններ ունի միջազգային ճանաչված հայաստանյան քրիստոնեավարական կուսակցության` ԱԻՄ - ի հետ»:
Երկրորդ` ԱԻՄ- ին «հոգեհարազատ է Արտաշես Գեղամյանի` ազգային համաձայնության կառավարման ձեւավորման գաղափարը»:
Իսկ ամենակարեւորն այն է, որ Արտաշես Գեղամյանը «ընդունում է ԱԻՄ ծրագրային հիմնադրույթները»:

Այս հարցում ի զարմանս Պարույր Հայրիկյանի` Արտաշես Գեղամյանի հետ անգամ փոքր-ինչ տարաձայնություն չի եղել: Ըստ ԱԻՄ նախագահի ԱՄ կուսակցության նախագահը «բնականոն է համարում, որ համագործակցության ողջ ժամանակահատվածում եւ նախընտրական քարոզչության փուլում` ԱԻՄ- ը հանդես գա իր ծրագրերի պաշտպանությամբ` դրանով իսկ աջակցելով Արտաշես եղամյանին»:

Իդեպ Պարույր Հայրիկյանը հպարտությամբ նշեց, որ, Արտաշես Գեղամյանը գործնականում դրսեւորել է ԱԻՄ- ի հետ աշխատելու իր կուսակցության պատրաստակամությունը, «ըստ արժանվույն գնահատելով կուսակցության եւ նրա առաջնորդ` Պարույր Հայրիկյանի էական ներդրումը` հայ ազգային քաղաքական կյանքում»:

Ինքը` Արտաշես Գեղամյանն իր ելույթի սկզբում հայտարարեց, որ այս քայլն իր համար աիմականների առջեւ քննություն հանձնելու նման մի բան է, քանի որ ԱԻՄ- ը այն կուսակցությունն է, որը «ի սկզբանե եղել է անկախ հայոց պետականության ակունքներում` անկախության ռահվիրան` Պարույր Հայրիկյանի նախագահությամբ»:

Ինչպես ստացվեց, որ կոմունիստական վարչակարգում ուսում ստացած, բարձր պաշտոններ վարած Արտաշես Գեղամյանը եւ նույն հասարակարգում 17 տարի բանտարկված Պարույր Հայրիկյանը դաշինք կազմեցին: Սա ըստ ԱՄ կուսակցության նախագահի` առանցքային հարց է, որը չափազանց լուրջ քննության առջեւ է կանգնեցրել թե իրեն, թե Պարույր Հայրիկյանին, «եթե դու փոքր ինչ դավաճանում ես անցյալից, ոչ մի խոստումնալից բան թող քեզանից չակընկալվի», ասում է Ազգային միաբանություն կուսակցության նախագահը:

Հայրենիքը վտանգված է: Սրանով է պայմանավորված դաշինք կազմելու անհրաժեշտությունը, ասում ե Արտաշես Գեղամյանը` ավելացնելով, «երբ մահացու վտանգը դամոկլեան սրի պես կախված է պետականության գլխին, այդտեղ գույներին չպետք է նայել»: