Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԴԻՄԻ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքականություն

Նա կվիճարկի ԿԸՀ որոշումը նախագահի թեկնածուների կողմից հանրային հեռուստաընկերության եթերաժամերից օգտվելու գրաֆիկները հաստատելու մասին:

Թեկնածուները հանրային հեռուստաընկերությամբ մեկ ժամ անվճար եւ 2 ժամ վճարովի եթերի իրավունք ունեն:

ԿԸՀ հաստատած կարգի համաձայն, եթերաժամերը բաշխվել են ըստ օրերի: Հունվարի 21-ից փետրվարի 8-ը թեկնածուներին կտրվի 6-ական րոպե հեռուստաեթերի իրավունք: Քարոզարշավի վերջին օրերին, փետրվարի 10-ից 17-ը եթերի իրավունքը դառնում է 10 րոպե:

ԿԸՀ-ում թեկնածուների ներկայացուցիչների մեծ մասի կարծիքով ԿԸՀ այդ որոշումը իրենց թույլ չի տալիս ամբողջական ելույթներ ունենալ եւ 10 րոպեից ավել տեւողությամբ ֆիլմեր հեռարձակել հանրային հեռուստատեսությամբ:

Բացի այդ Ընտրական Օրենսգիրքում հակասություններ կան: Իսկ Արամ Զ. Սարգսյանի շահերը ԿԸՀ-ում պաշտպանող Արամազդ Զաքարյանը բացելով օրենսգիրքը, ցույց է տալիս ԸՕ 20-րդ հոդվածի 2-րդ կետը, համաձայն, որի, ԿԸՀ-ն սահմանում է հանրային հեռուստառադիոընկերության եթերաժամով անվճար եթերաժամից հավասար օգտվելու կարգը, չվերահսկելով վճարովի եթերի համար նախատեսված 2 ժամը:

Այս պնդմանը պատասխանելով, ԿԸՀ անդամ, գրաֆիկի հեղինակ Արմեն Սինանյանը հղում է անում օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ կետին, համաձայն որի, ԿԸՀ-ն ապահովում է հանրային եթերով թեկնածուների անվճար եւ վճարովի ժամերից օգտվելու համար հավասար պայմաններ:

Հանձնաժողովը վեճը հարթեց քվեարկությամբ, որի արդյունքում ստացվեց սովորական դարձած պատկերը` որոշմանը կողմ էին 7-ը, դեմ` 2-ը:

Այսօրվանից մեկնարկող հեռուտաելույթների հաջորդականությունը որոշելու համար անցկացվեց քվեարկություն:
Արտաշես Գեղամյանի ներկայացուցիչ Աղասի Արշակյանըբ 10 թեկնածուներին կոչ արեց չմասնակցել վիճակահանությանը եւ լքեց նիստերի դահլիճը: Կայացած վիճակահանությունը չմասնակցեց նաեւ Արամազդ Զաքարյանը, հայտարարելով, որ ԿԸՀ որոշումը անբարո է եւ կվիճարկվի դատարանում:

Ի դեպ, վիճակահանությունը այդ երկու թեկնածուների համար խիստ բարենպաստ էր: Հունվարի 21-ին հանրայինով քարոզարշավը բացելու իրավունքը բաժին հասավ Գեղամյանին:

Արամ Զ. Սարգսյանն էլ պատիվ կունենա փետրվարի 17-ին, քարոզարշավի վերջին օրը, վերջինը խոսել Հանրային հեռուստատեսության եթերից: