Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ, ԱՄԵՆ ԻՆՉ ԼՍՈՒՄ ԵՄ...

Քաղաքականություն

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության /ԵԱՀԿ/ ժողովրդական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը հիմնել է Ընտրությունների Դիտորդական Առաքելություն Հայաստանում, որն այսօր պաշտոնապես բացեց իր գրասենյակը «Արմենիա» հյուրանոցում:

ԵԱՀԿ բոլոր անդամ երկրները պարտավոր են հրավիրել դիտորդներին` ընտրությունների գործընթացին հետեւելու համար:

Եվրոպացիք համոզված են, որ դիտորդների ներկայությունը բարելավում է ընտրությունների ընթացքը, ավելացնում է ընտրողների վստահությունն ու ընտրությունները դարձնում թափանցիկ:

Առաքելության ղեկավար Պիտր Այկերը/ ԱՄՆ/ տեղեկացրեց, որ երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ` 6 շաբաթ, Հայաստանում կաշխատեն 26 դիտորդ 17 երկրներից, նրանց մի մասը կլինի Երեւանում, իսկ մյուսները կմեկնեն 7 քաղաքներ:

Խումբը մոնիտորինգի է ենթարկելու ընտրական ողջ գործընթացը` օրենսդրությունը, նախընտրական արշավը, ներառյալ ԶԼՄ-երը, քաղաքական արշավը, քարոզչությունը, վարչական պատրաստությունը, ընտրական վեճերը:

Կուսումնասիրվի զանգվածային լրատվամիջոցների` տարբեր թեկնածուների նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաեւ թեկնածուների համար հավասար մատչելի լինելու հանգամանքը:

Դիտորդների ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ այլ հարցեր` կանանց մասնակցությունը ընտրական գործընթացին, ընտրողների գրանցումը, ընտրողների եւ ընտրական գործընթացում ներգրավված անձանց իրազեկությունը:

Դիտորդները հանդիպումներ կունենան օրենսդիր, գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, ընտրական հանձնաժողովների անդամների ու ԶԼՄ- ներկայացուցիչների հետ:

Ընտրությունների նախօրեին Հայաստան կժամանեն 250 կարճաժամկետ դիտորդներ` քվերակության, ձայների հաշվարկի եւ ընտրական ցուցակների մոնիտորինգի համար:

Ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականը դիտորդական առաքելությունը կհրապարակի ամնիջապես ընտրությունների հաջորդ օրը` փետրվարի 20-ին , իսկ մանրամասն վերջնական եզրակացությունն ու գնահատականը մեկ ամիս անց:

Թերեւս պատահական չէր, որ պարոն Պիտեր Այկերը ներկաներին հիշեցրեց նախորդ ընտրությունների եւ դիտորդների գնահատականների մասին: Նշվեց, որ 1998-ի նախագահական ընտրությունները չէին համապատասխանում միջազգային չափանիշներին: 1999-ի ԱԺ ընտրություններում դիտորդները ճիշտ է որոշ բարելավում նկատել էին, սակայն միեւնույն է դրանք էլ ընթացել են բազմաթիվ խախտումներով:

Ին՞չ պիտի անեն Հայաստանի իշխանությունները, որ այս ընտրությունները դիտորդները գնահատեն լեգիտիմ:
Պիտեր Այկերը հիշեցնում է. Հայասատանը պարտավորվել է հետեւել միջազգային չափանիշներին, ստանձնել է մի շարք պարտավորություններ` ապահովել խոսքի, ԶԼՄ-ի ազատություն, թեկնածուների ազատություն եւ հավասարություն, ընտրությունների թափանցիկություն:

Ինչպե՞ս կանդրադառնա ընտրությունների գնահատականի վրա այն հանգամանքը, որ ընտրական գործընթացը լուսաբանելու հնարավորությունից զրկված են «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունները:
Պարոն Այկերը խուսափեց գնահատականներից: Նա միայն նշեց. «Խոսքի ազատությունը ընտրական գործընթացում կարեւոր պայման է, ինչպես նաեւ ընտրողների` տարբեր տեսակետներ լսելու հնարավորությունը: Մենք իհարկե մտահոգ ենք, որ որեւէ հեռուստաընկերություն զրկվում է եթերից, մանավանդ ընտրությունների ընթացքում, մենք այդ հարցը ուսումնասիրում ենք, սակայն դեռ վաղ է որեւէ գնահատական տալ»: