Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՎՈՅԻՆԻՆ» ՎԱՅԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Քաղաքականություն

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քարտուղարությունն այսօր տարածել է հայտարարություն

Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի ցուցումով հետ է վերցվել պատերազմի տարիներին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, իսկ հետագայում նաեւ 6րդ պաշտպանական շրջանի հրամանատար, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանի բնակարանը, որը նա ստացել էր 1997թ. ԼՂՀ պաշտպանության բանակից:

Այս գործողությունը ժամանակագրորեն հետեւել է տարեմուտին Երեւանում իրականացված ազատամարտիկների զանգվածային ձերբակալություններին, որոնց հիմնական թիրախը հենց ազատագրված տարածքների խնդրով իշխանություններին խստորեն քննադատող կամավորականներն էին, որոնց թվում էր նաեւ Ժ. Սէֆիլյանի օգնականը:

Եթե ասվածին ավելացնենք, որ արդեն երեք շաբաթ է ինչ պարբերաբար հետապնդվում է Սէֆիլյանի ավտոմեքենան, ապա կարելի է եզրակացնել, որ դեկտեմբերի 30-ից սկսված քաղաքական ահաբեկման գործողության սլաքներից մեկը ուղղված է հենց նրա դեմ:

Ավելորդ չէ հիշեցնել, որ Ժիրայր Սէֆիլյանը անձամբ, կամ նրա նախաձեռնությամբ համախմբված կամավորականները, բազմիցս հանդես են եկել Ղարաբաղյան կամ հայ-թուրքական հարաբերությունների հարցերում Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության խստագույն քննադատությամբ:

Որակելով այն պարտվողական եւ դավաճանական, Սէֆիլյանը այն հազվագյուտ գործիչներից է, որ մերկացնում է ներկայիս իշխանությունների կեղծ ազգայնական բնույթը եւ նույնացնում նրանց «նախկինների» հետ: