Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒՄ ՌԵՅՏԻՆԳԻՆ Է ՎՆԱՍ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՌԵՅԾԻՆԳԸ»

Քաղաքականություն

Հայաստանի առավել արմատական դաշտը ներկայացնող Սոցիալիստական Հայաստան միավորման քարտուղար, Ժողովրդահայրենասիրական ուժերի քաղաքական խորհրդի քարտուղար Վարդան Խաչատրյանն այսօր հայտարարեց, որ ներկայիս իշխանությունները Հայաստանը չեն տանում զարգացման այն ուղով, որը մեր երկիրը մոտ ապագայում կկանգնեցներ զարգացած երկրների շարքում:

Ըստ նրա, արմատական փոփոխություններ են անհրաժեշտ ինչպես ներքաղաքական առումով, այնպես էլ արտաքին քաղաքականության տեսանկյունից: Իսկ առաջիկա ընտրությունները ոչ միայն չեն քչացնում խնդիրները, այլեւ զգալիորեն ավելացնում են դրանք: Թեկուզ հենց միայն այն բանով, որ ընտրությունները չեն ընթանում հավասար սկզբունքներով: Թեկնածուներից մեկը ձեռք է բերել բացարձակ առավելություն, սկսած հանձնաժողովի տեղերից, վերջացրած հեռուստաժամով:

Նախնտրական քարոզչության մասին ԿԸՀ-ի նոր կարգն արդեն իսկ ազատության եւ արդարության ոտնահարում է, ասում է Վարդան Խաչատրյանը: Վեցական րոպե տրամադրել յուրաքանչյուր թեկնածուին, երբ գործող նախագահը արդեն սկսել է քարոզչությունը: Բնականաբար նա ավելի շատ ժամանակ կունենա իր ծրագրերը ներկայացնելու: Ժամի տեսակետից էլ են տուժում թեկնածուները: Ոչ իշխանամետ հեռուստաընկերություններն անգամ (թեեւ Վ. Խաչատրյանը համոզված է, որ անկախ հեռուստաընկերություն Հայաստանում չկա) քարոզչության համար տրամադրել են երեկոյան ժամը 17.30-ը: Սա, ըստ Վարդան Խաչատրյանի, իշխանությունների կողմից կանխամտածված քայլ է:

Ի՞նչ դիրքորոշում ունեն Ժողովրդահայրենասիրական ուժերը միասնական թեկնածուի մասին: Ըստ Վարդան Խաչատրյանի դեռ շուտ է այդ մասին խոսել: Սակայն իրենք համարում են, որ վերջնական թեկնածուն, որի վրա վերջնականապես կանգ կառնեն, կլինի առավել անցողիկը եւ ժողովրդի կողմից առավել ընկալելին: Իսկ ինչ վերաբերում է թեկնածուի ընտրման մարտավարությոանը, ապա այն դեռ որոշված չէ: Եվ հետո էլ, եթե մրցարշավը սկսվեր 1 թեկնածուով, ապա այն կունենար որոշակի նեգատիվ երեւույթներ: Այդ անձնավորությունը կենթարկվեր իշխանական ճնշումների, որը չէր նպաստի նրա «ռեյծինգի» աճին: