Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՉԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐ ՁԱՅՆԸ

Քաղաքականություն

«Երիտասարդությունը ընտրությունից ընտրություն ակտիվանում է, բայց դեռեւս չի գնահատում իր ձայնը», - կարծում է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Ըստ նրա, երիտասարդությունը Հայաստանում առանձին խավ չի համարվում, եւ երիտասարդներն իրենք իրենց ուժը չեն գիտակցում: Նրանք կարող են մասնակցել ԱԺ ընտրություններին, բայց, որպես կանոն, առանց կուսակցական աջակցության հաջողության չեն հասնում:

« Երիտասարդությունը ընտրություններում հաղթելու եւ պարտվելու խնդիր չունի: Եթե երիտասարդությունը կազմակերպված լինի եւ թեկնածուներից յուրաքանչյուրին ներկայացնի իր պահանջները, ապա ցանկացածի հաղթանակի դեպքում կշահի ինքը», - վստահ է ԵԱԴ նախագահը :

Կազմակերպությունը որոշել է նախընտրական շրջանում երիտասարդներին բացատրել, որ «երիտասարդության շահը վեր է աջ եւ ձախ գաղափարներից»:

Դաշնության ներկայացուցիչները այցելելու են ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական շտաբեր` պարզելու երիտասարդական քաղաքականության վերաբերյալ թեկնածուների նախընտրական մոտեցումները, ներկայացնելու իրենց պահանջները: Ի դեպ, չի բացառվում, որ կազմակերպությունը սկսի պաշտպանել որեւէ թեկնածուի, որի «ծրագրում հստակ արտահայտված ու ձեւակերպված կլինեն երիտասարդության նկատմամբ վարվող քաղաքականության հիմնադրույթները»:

Նշենք, որ Երիտասարդական ակումբների դաշնությունը ներկայումս միավորում է 30-ից ավելի կազմակերպություններ: