Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 11 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ 10 ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ

Քաղաքականություն

Հունվարի 17-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վկայականներ հանձնեց ՀՀ նախագահի գրանցված 11 թեկնածուներից 10-ին:

Ինչպես տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի վկայականը նրան կհանձնվի ՌԴ պաշտոնական այցից հետո Հայաստան վերադառնալուն պես:

Նա նաեւ նշեց, որ ըստ նախնական պայմանավորվածության, թեկնածուները պետք է անձամբ ստանային վկայականները, այդ իսկ պատճառով նիստին բացակայում էին Ռ. Քոչարյանի լիազոր ներկայացուցիչները:

Այդուհանդերձ, 10 թեկնածուներից 5-ի՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի, Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության փոխնախագահ Գառնիկ Մարգարյանի վկայականները հանձնվեցին նրանց լիազոր ներկայացուցիչներին:

Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Այվազյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը եւ անկուսակցական, «Հեռանկար» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Արամ Կարապետյանը ՀՀ նախագահի թեկնածուի վկայականները ստացան անձամբ: