Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԱԳՐՎՈՒՄ Է

Քաղաքականություն

Երեկ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դարձավ 113 տարեկան: «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած հանդիսության ժամանակ կուսակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռոստոմյանը հիշեցրեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելով Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, ՀՅԴ-ն «պատրաստակամ է փաստելու, որ 98-ի իշխանափոխությունն անհրաժեշտություն էր»:

Պարոն Ռոստոմյանը նշեց նաեւ, որ այդ իշխանափոխությունն ունի պատմական մեծ առաքելություն` «կկերտենք մեր ժողովրդի երազած Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանը»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը սրբագրեց Դաշնակցության հասցեին ընդդիմադիր ճամբարի հնչեցրած մի շարք պիտակները: Նա հիշեցրեց, որ իրենց մեղադրում են նրանում, «որ մենք անցյալով ենք ապրում, որ մենք սոցիալիստական կուսակցություն ենք, որ հարեւանների հանդեպ թշնամաբար ենք տրամադրված, որ սոցիալիստ ենք»:

Պարոն Վարդանյանը տեղեկացրեց, որ արմատապես փոխվել են կուսակցության գործելաոճն ու մեթոդները, դրանք «անհամեմատելի են 100 տարի առաջվա իրականության պայմաններին»:

«Պատերազմի կուսակցություն» արտահայտությունը ՀՅԴ ԳՄ անդամը համարեց սխալ. «Քանի՞ դեպք կհիշեք, որ պատմության ընթացքում մենք պատերազմ սանձազերծած, նախահարձակ եղած լինենք: Զենք ենք վերցրել միշտ հարկադրված»:

Դաշնակցությունն, ըստ Աղվան Վարդանյանի, չստեղծվեց կռվելու համար, այլ` «օտարից մեր տեսակի ապրելու իրավունքը պաշտպանելու համար»:

«Խաղաղության անհրաժեշտությունն ու հարգը հենց Դաշնակցությունն է գիտակցում», - տեղեկացրեց ԳՄ անդամը:

Տեւական խաղաղություն հաստատելու համար Դաշնակցությունը կարեւորում է «տարածաշրջանում երկրների համագործակցությունը»:

«Իբրեւ քաղաքական ուժ մենք ամեն ինչ կանենք, որ Հայաստանի հետ այլեւս չհամարձակվեն խոսել պատերազմի լեզվով», - ասաց Աղվան Վարդանյանը:

Կուսակցության սոցիալիստական կողմնորոշումը խմբակցության ղեկավարը պայմանավորեց նրանով, որ ՀՅԴ-ն սոցիալիստական է դարձել անցյալ դարասկզբին, երբ սոցիալիզմը Եվրոպայում առաջադիմական ուսմունք էր: «Այդ հետո էր, որ աշխարհի մեկ վեցերորդ մասում, ինչպես ցանկացած լավ բան, ծայրահեղացվեց` վերածվելով սոցիալական միայն մի շերտի գաղափարախոսության», - ասաց Աղվան Վարդանյանը:

ՀՅԴ-ի պատկերացմամբ, հասարակությունը կարող է բնականոն կյանքով ապրել, եթե ինքնադրսեւորման հնարավորությունները հավասար են:

Այսօր Դաշնակցությունը կարեւորում է իշխանության հանդեպ վստահությունը: Երկրի տնտեսական կտրուկ առաջընթացը հնարավոր է միայն այդ դեպքում, - ասում են դաշնակցականները: