Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ՝ ԱԻՄ ԹԵԿՆԱԾՈՒ

Քաղաքականություն

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը պաշտպանում է նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանին: ԱԻՄ ղեկավարությունը որոշել է առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցել` «Գեղամյանի հետ թիմ կազմելով» : Սա ԱԻՄ վերջնական որոշումը չէ:

Հունվարի 21-ին տեղի է ունենալու արտահերթ վեհաժողով, որին կմասնակցի նաեւ Արտաշես Գեղամյանը: ԱԻՄ-ականները նրան հարցեր կուղղեն եւ կկողմնորոշվեն` «արդյո՞ք Գեղամյանն արժանի թեկնածու է»:

Մինչ այդ Պարույր Հայրիկյանը պարզել է, որ «ԱԻՄ անցյալ եւ ներկա գործունեությունը հարգելու , անհատական եւ կուսակցական արժանապատվությանը հատուկ ուշադրություն հատկացնելու գործում` մյուս հնարավոր դաշնակիցների համեմատությամբ Արտաշես Գեղամյանը աննախադեպ եւ անհամեմատելի առավելություն ունի»:

Արտաշես Գեղամյանն ԱԻՄ-ի համար նախընտրելի է նաեւ մեկ այլ համեմատությամբ. «Ազգային միաբանության կուսակցության աշխարհընկալման հիմքում ընկած է եվրոպական քրիստոնեա-դեմոկրատական աշխարհընկալումը»:

Սակայն ԱՄ-ը ԱԻՄ-ից որոշ չափով տարբերվում է: «Ինչ վերաբերում է Բելառուս-Ռուսաստան դաշինքի վերաբերյալ մեր խիստ բացասական դիրքորոշմանը. եւ Արտաշես Գեղամյանի դրական հայտարարություններին, ապա դրանք այնպիսի հարցեր են, որ միեւնույն է պետք է որոշվեն ժողովրդի կամքով»,- ասում է Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ ծրագրային հիմնադրույթները մանրամասն ներկայացվել են ԱՄ նախագահին, եւ ի զարմանս Պարույր Հայրիկյանի, «որեւէ հարցում տարաձայնություն չի եղել»:

Նշենք, որ համագործակցության այս ժամանակահատվածում ԱԻՄ-ը հանդես է գալու իր ծրագրերի պաշտպանությամբ եւ մատուցմամբ։

«Եթե Արտաշես Գեղամյանը չլինի ընդդիմության միասնական թեկնածու, այլ մեկ ուրիշը, ԱԻՄ-ը կպաշտպա՞նի» հարցին Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Մենք նրան կներկայացնենք մեր պահանջները, եթե նա գնահատի ԱԻՄ բացառիկ դերը Հայաստանի անկախացման գործընթացում, գնահատի մեր արժանապատվությունը, կմտածենք: Հակառակ դեպքում, ի՞նչ իմաստ ունի»: