Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՝ 8-ՈՐԴ ՏԵՂՈՒ՞Մ

Քաղաքականություն

Արշակ Սադոյանը եւ իր ղեկավարած կուսակցությունը՝ ԱԺԴ-ն, նախագահական ընտրություններում պաշտպանելու է Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը:

Սադոյանի այս քայլը պայմանավորված է նրանով, որ իրենց պահանջներին արձագանքել է միայն ՀԺԿ-ն: Այսինքն ծրագրային պետության գաղափարի հետ համաձայնել է 16-ի ֆորմատի թեկնածուներից միայն Ստեփան Դեմիրճյանը:

Ազգային ժողովրդավարների դաշինքի նախագահը համոզված է, որ իրենց պաշտպանած թեկնածուն կդառնա նաեւ 16-ի միավորման միասնական թեկնածուն: Իսկ հակառակ դեպքում, հանուն գերագույն նպատակի, այն է՝ գոնե այս ընտրությունների արդյունքում ժողովուրդը ձեւավորի իշխանություն, ոչ թե իշխանությունից իշխանություն վերարտադրվի, Սադոյանը պատրաստ է իր ձայնը տալ 16-ի միավորման կողմից ընտրված միասնական թեկնածուին:

Արշակ Սադոյանը չի կարեւորում ընտրություններում նախագահի անձը. կարեւորն այն է, որ չլինեն զանգվածային կեղծիքներ եւ հաղթի ժողովրդավարությունը:

Պարոն Սադոյանը պատրաստ է նույնիսկ հանդես գալ որպես Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ եւ իր վարկանիշն օգտագործել ի շահ ՀԺԿ-ի նախագահի, բայց պայմանով, որ ընտրվելու դեպքում վերջինս պետք է անցկացնի համաժողովրդական հարցում՝ հանրաքվե, երկրի կառավարման համակարգը փոխելու համար:

Արշակ Սադոյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենք մշակել են զանգվածային կեղծիքների դեմ պայքարելու ձեւերը: Բացի այդ, նա հուսով է, որ ընտրությունների ընթացքում կստեղծվի այլընտրանքային կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը յուրաքանչյուր ժամի կստանա եւ կտեղեկացնի ընտրությունների նախնական արդյունքների մասին:

«Դողն ընկել է իշխանությունների ջանը եւ փորձում են վախը ներկայացնել իբրեւ ավելորդ համարձակություն: Հենց այդ վախով է պայմանավորված այն Սերժ Սարգսյանին շտաբի պետ, Հովիկ Աբրահամյանին տեղակալ նշանակելու հանգամանքը», - հայտարարեց Արշակ Սադոյանը: Ըստ նրա, բանն այնտեղ է հասել, որ գործակալներն են քարոզարշավ մտել, որքան էլ դա անթույլատրելի է:

Ինչ վերաբերում է հարցումներին, որոնցում միշտ առաջին տեղում՝ 20-ից 25 տոկոս ձայներով, Ռոբերտ Քոչարյանն է, ապա Սադոյանը նկատում է. «Երիտասարդ, ուսանող աղջիկներ են գնում մարզեր, մտնում են գործող մի գորարանի տնօրենքի մոտ եւ ասում. ցանկալի կլինի, որ Քոչարյանի տոկոսը բարձր լինի»:

Իսկ ԱԺԴ-ն Արշակ Սադոյանի համար ստորագրություններ հավաքելիս նաեւ հարցում է անցկացրել, որը, ըստ Սադոյանի, ներկայացնում է ժողովրդի կողմնորոշման իրական պատկերը: Այդ հարցումների համաձայն, Ստեփան Դեմիրճյանն առաջին տեղում է, նրան հաջորդում է Արտաշես Գեղամյանը: Երրորդ տեղում Արշակ Սադոյանն է: Ռոբերտ Քոչարյանը, ըստ այդ հարցման, 8-րդ տեղում է՝ ձայների 18 տոկոսով:

«Իսկ ներկայացվող 20-24 տոկոսը, եթե հավատանք այդ հարցումներին, պատկանում է ադմինիստրատիվ ռեսուրսին: Դրանք էլ այն մարդիկ են, որոնք ուղղակի ասում են, թե ընտրելու են Քոչարյանին, իրականում հակառակն են անելու»,- հայտարարեց Արշակ Սադոյանը: