Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ՞ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՈՉ

Տնտեսություն

ՀՀ առեւտրի եւ տնտեսության զարգացման նախարարությունում այլեւս գոյություն չունի քիմիական արդյունաբերության վարչություն, այսինքն` վերացվել է մի օղակ, որը պատասխանատվություն էր կրում կոնկրետ ոլորտի զարգացման կամ էլ թերզարգացման համար:

Վերջին ձեւակերպումը, ներկա դրությամբ, ավելի մոտ է իրականութանը, քանի որ քիմիական գործարանները կործանումից չփրկեց նաեւ սեփականաշնորհման գործընթացը:

Առաջացած ճգնաժամի վառ օրինակը «Նաիրիտ»-ն է, որի արտադրանքն ի դեպ, մեծ պահանջարկ ունի արտաքին շուկաներում: Այդ պահանջարկը նույնիսկ չի լուծում արդյունաբերության այդ ճյուղի խնդիրները:

Օրինակ, վերջերս Հայաստանը առաջարկ ստացավ արտահանել Գաջի գործարանի` արտաքին շուկայի համար որակով ընդունելի արտադրանքը: Դրա դիմաց Հայաստանը պետք է ստանար էական շահույթ:

Գործարքն այնուամենայնիվ չի իրականացվել: Բեռնափոխադրումների արդյունքում հայկական գաջը` արժեքի առումով, բավական թանկ էր «նստելու» պատվիրատուների վրա:
Հայկական մյուս ապրանքատեսակները նույնպես «թանկարժեք» են ստացվում:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը քիմարդյունաբերության ճգնաժամը բացատրում է նրանով, որ Հայաստանի քիմիական արդյունաբերության համար ներքին շուկան շատ փոքր է, արտադրանքը պետք է իրացվի արտաքին շուկաներում, իսկ դա մեծ խնդիր է կապված բեռնափոխադրումների հետ:

Շրջափակման պատճառով Հայաստանն այսօր չունի ապրանքափոխադրման համար ձեռնտու գոնե մեկ ուղի:

Տիգրան Դավթյանը համոզված է, որ խնդիրը կարող է մի քիչ շտկվել, եթե նորմալ աշխատի երկաթուղու գոնե մեկ ուղղություն: Այլ կերպ ասած, Հայաստանը կունենա եւ կփրկի քիմիական արդյունաբերությունը, եթե ժամանակին լուծվի Արցախյան հիմնախնդիրն ու բացվի շրջափակումը:

Իսկ եթե ոչ... Ներկա դրությամբ նախարարությունում փորձելու են ձեռնարկել հնարավոր քայլերը քիմարդյունաբերությունում, գոնե, եղածը փրկելու համար: