Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԱՐՄԻՐ ԿՈՎԸ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽԻ»

Քաղաքականություն

«Ա1+»- Ի ՀԱՅՑԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ ՀՀ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԻԲՐԵՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ»

«ՀՀ-ն չի համարում, որ սա որոշում է ընդդեմ ՀՀ-ի եւ ոչ էլ «Ա1+»ի հաղթանակն է», -սա ասելու համար այսօր Արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանը հատուկ ասուլիս էր հրավիրել: Հիշեցնենք, որ երեկ Եվրադատարանը բավարարել էր «Ա1+»-ի հայցը:

Փոխնախարարի հայտարարությունը ամենեւին չի զարմացնում «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանին:

«Արդարադատության փոխնախարարաը մոռանում է, որ այդ պաշտոնը զբաղեցնում է հասարակությանը հստակ պատասխաներ տալու եւ ոչ թե մոլորեցնելու համար: Երբ Եվրոպական դատարանը ասում է, որ տեղի է ունեցել ապօրինի մրցույթ, դա նշանակում է, որ ՀՌԱՀ-ը խախտել է ՀՀ օրենքը, եւ եթե խախտվել է ՀՀ օրենքը, ապա մեղավորը ՀՀ կառավարությունն է: Սա հասկանալու համար մեծ մտավոր կարարողություններ անհրաժեշտ չեն: Այն որ ՀՀ պարտություն է կրել, վկայում է նաեւ մեր հայցի առաջին տողը, որտեղ հստակ նշված է, որ պատասխանողը ՀՀ կառավարությունն է` «Մելտեքս ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսիսյանն ԸՆԴԴԵՄ ՀՀ-Ի »,-հիշեցրեց պարոն Մովսեսյանը:

Եվրադատարանի որոշումը պարոն Կոստանյանը համարում է արդար, սակայն ինքն իրեն հակասելով` նկատում է . «Եվրոպական դատարանում` քննության արդյունքում արդար դատաքննության խախտման եւ խտրականության կիրառման փաստերը ճանաչվել են անընդունելի: Ինչը ենթադրում է, որ «Մելտեքս» ՍՊԸ-ի վերաբերյալ գործերի քննությունը ներպետական դատարաններում տեղի չի ունեցել արդար դատաքննության իրավունքի ոտնահարմամբ եւ երկրորդ` «Մելտքես» ՍՊԸ-ի նկատմամբ չի կիրառվել որեւէ խտրականություն: Եվրոպական դատարան բացառապես քննարկման առարկա է դարձել խոսքի ազատության իրավունքի խախտումը, հաշվի է առնվել, որ ՀՌԱՀ-ը, «Ա1+»-ին մերժելով լիցենզիայի տրամադրումը, հստակ չի նշել այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել մերժելու համար: Այսինքն` բացառապես, պատճառների ոչ հստակությունն է առաջացրել իրավունքի խախտում»:

Նրա կարծիքով` այս որոշումը այսուհետ ՀՌԱՀ-ին կուղորդի իրենց որոշումներում մանրամասն պատճառաբանել ոչ միայն հաղթողի, այլեւ պարտվողին լիցենզիա չտրամադրելու պատճառները:

«Այո, խախտվել է խոսքի ազատության իրավունքը, խախտվել է` ՀՌԱՀ-ի կողմից հստակ պատճառներ չներկայացնելու հետեւանքով»,- ասաց փոխնախարարը:

«Ա1+»ը տարիներ շարունակ դատական ատյաններում ՀՌԱՀ-ից պահանջում էր գրավոր ներկայացնել մերժման պատճառները, մի՞թե գործն անպայման պետք է Եվրոդատարան հասներ` այդ խախտումն ընդունելու համար. «Ա1+»-ի հարցին` պարոն Կոստանյանն ասաց. «Ես չասացի, որ ՀՌԱՀ-ը չի նշել մերժման պատճառները: Ես ասացի, որ հստակ չի նշել»: Փոխնախարարի այս պատասխանին Մեսրոպ Մովսեսյանը այլ մեկնաբանություն չունի, քան. «Կարմիր կովը կաշին չի փոխի»:

« «Ա1+»-Ի ԵԹԵՐԱԶՐԿՈՒՄԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՎԹԵԼՈՒ ՄԻ ՄԱՍՆ ԷՐ»

Այսօր փոխնախարարը խոսելով նյութական փոխհատուցման մասին` մոռացավ, որ ընդամենը մի քանի րոպե առաջ ասել էր, թե «Ա1+»-ի հայցի բավարարումը ընդդեմ ՀՀ-ի չէ, եւ նշեց, որ «Ա1+»-ին պետք է կառավարությունը փոխհատուցի 30000 եվրո, որից 10, 000 եվրոն պետք է փոխանցել լոնդոնյան KHRP փաստաբանական ծառայությանը:

Այստեղ փոխնախարարը հարկ համարեց պաթետիկ ոճով լրացուցիչ ինֆորմացիա տրամադրել.«Լոնդոնյան KHRP իրավապաշտպան կազմակերպությունը շատ հայտնի է եւ ՀՀ-ի դեմ Եվրոպական դատարան հայցեր է ներկայացնում Ադրբեջանի անունից: Այսօր KHRP-ին պաշտպանում է Լաչինի նախկին ադրբեջանցի բնակիչների շահերը` ընդդեմ ՀՀ-ի»:

Իսկ ո՞րն է այս լրացուցիչ ինֆորմացիայի տրամադրման նպատակը` «Ա1+»-ի հարցին` փոխնախարարը ժպտալով պատախանեց.«Որպեսզի հասկանանք, թե ինչպիսի լուրջ կազմակերպության հետ գործ ունենք»: Իսկ կազմակերպություն ասելով` «Ա1+»ին նկատի ունե՞ք, թե KHRP-ի՞ն` «Ա1+»ի մեկ այլ հարցի` փոխնախարարը կրկին ժպտաց եւ ասաց.« KHRP»-ին:

Մեսրոպ Մովսեսյանը բարոյական չի համարում փոխնախարարի այս հայտարությունը եւ խորհուրդ է տալիս մեղավորներ չփնտրել միջազգային կոլեգաների մեջ եւ պարզապես ընդունել իրողությունը. «Միջազգային իրավաբաներին վարձում են ինչպես Հայաստանից եւ Ադրբեջանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից: Լինելով իրավաբան` փոխնախարարին վայել չէ նման հիմար հայտարարությունները, այն էլ միայն նրա համար, որ մեր ապաշնորհ կառավարությունը պարտություն է կրել: Եթե փոխնախարարը առաջնորդվում է այդ սկզբունքով, դա նշանակում է, որ դա մեր կառավարության տեսակետն է, ինչն ուղղակի ամոթ է: Այդ սկզբունքով առաջնորդվելու դեպքում` ՀՀ-ն նաեւ ԵԽ անդամ չպետք է դառնար, չպետք է համագործակցի այն միջազգային կառույցների հետ, որոնց անդամ է նաեւ Ադրբեջանը»:

Ինչեւէ, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին` Գեւորգ Կոստանյանը փորձեց մանրամասանել, թե ինչպես պետք է տեղի ունենա փոխհատուցումը.«Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ՀՀ պաշտոնատար անձինք ենթակա են լինելու պատասխանատվության: Եթե Եվրոպական դատարանի վճռով հաստատվեց եւ այնուհետեւ ներպետական դատարանի դատավարությունների ընթացքում հաստատվի, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտում, որի համար պետությունը պարտավորվել է վճարել որոշակի գումար, ապա պետությունը այդ խախտումը կատարած պաշտոնյային կենթարկի պատասխանատվության` այդ տվում նյութական: Պետության հասցրած վնասները վերականգնվելու են այդ պաշտոնյայի միջոցների հաշվին` ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն»:

Այսինքն` 30.000 հազար եվրոն պետք է փոխհատուցի Գրիգոր Ամալյա՞նը. լրագրողներից մեկի հարցին` պարոն Կոստանյանը հստակ պատասխան չտվեց:

«Ես ասացի, որ ցանկացած վճռի համար պաշտոնական անձի գործողությունը դառնալու է քննարկման առարկա: Այս վճռի ուսումնասիրության արդյունքում կպարզվի, թե որ պաշտոնյայի գործողության արդյունքում է խախտումը տեղի ունեցել. խոսքը վերաբերում է օրենսդրության ոչ ադեկվատ լինելուն: Սա քննարկման առարկա է»:

Փոխնախարարը այսօր նաեւ նշեց, որ «Ա1+»-ի հայցի բավարարումը Եվրադատարանում ամենեւին չի նշանակում «Ա1+»-ին եթեր վերադարձնել.

««Ա1+»-ը անկախ այս վճռի առկայությունից` միշտ իրավունք է ունեցել մասնակցել բոլոր մրցույթներին: Այս վճռի առկայությունը փաստեց, որ ՀՌԱՀ-ը պետք է հստակ հիմնավորի եւ մերժման, եւ բավարարման հայցերը»:

«Ա1+»-ի նախագահը փոխնախարարին եւ ընդհանրապես ՀՀ իշխանություններին հիշեցնում է, որ քավության նոխազներ չի փնտրում եւ «Ա1+»-ի ենթերազրկումը չի կապում Գրիգոր Ամալյանի հետ, որին այսօր փոխնախարարը միաժամանակ եւ մեղադրում էր եւ փորձում փրկել օրնեսդրական «բացթողումներով»:

«ՀՌԱՀ-ը կարող էր «Ա1+»-ին մեկ մրցույթի մերժման պատճառները հստակ չտրամադրել, սակայն, եթե դա անընդմեջ կրկնվում է 12 անգամ, ապա դա նշանակում է, որ հանձնաժողովը ապօրինի գործունեություն է ծավալում եւ ենթակա է լուծարման կամ ինքնալուծարման: «Ա1+»ի եթերազրկումը Ամալյանի խնդիրը չէ, այլ իշխող վարչախմբի, որն այսօր իր վախճանին է մոտենում: Իշխանությունը զավթած վարչախումբը անկասկած պետք է օրենքից դուրս գործի եւ չենթարկվի նույնիսկ իր գրած օրենքներին»,-ասաց նա:

Մեսրոպ Մովսիսյանը նաեւ հիշեցրեց, որ «Ա1+» հեռուստաընկերությունը եթերազրկվեց 2003թ. նախագահի ընտրություններից առաջ եւ ավելացրեց.

««Ա1+»-ի եթերազրկումը գործող վարչախմբի համար իշխանությունն զավթելու գործընթացի մի մասն էր կազմում: Այսօր վարչախմբին սպասարկող հեռուստաընկերությունները իրենց մատուցած լրատվությամբ դա ապացուցում են ամեն օր: Ես Արդարադատության փոխնախարարին խորհուրդ եմ տալիս խոսել` չկտրվելով իրականությունից ու փաստերից: Վերջին հաշվով լուրջ պաշտոն է զբաղեցնում եւ իր խոսքն ընկալվում է իբրեւ պաշտոնական տեսակետ»: