Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՈՔՐԵՐԻՆ» ՄԻ՝ ՆԵՂԵՔ

Տնտեսություն

Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն այսօր որոշել էր հաշվետու լինել 2002 թվականի համար: Լսելով նախարարին, այնպիսի տպավորություն կարելի էր ստանալ, որ ամեն ինչ լավ է . Սեւանի մակարդակը էլ չի իջնում, անտառները զանգվածաբար չեն հատվում, ընդերքը չի թալանվում : Սակայն երբ լրագրողները մի քանի փաստեր ներկայացրեցին նախարարին, վերջինս ասաց. «Համբերեք էլի, ընդամենը 1 տարի 4 ամսվա նախարար եմ»:

«Հոկտեմբերի 18-ից հետո Սեւանից մի կաթիլ ջուր դուրս չի եկել»

Բնականաբար, նախ եւ առաջ նախարարը հպարտությամբ խոսեց Սեւանի մասին: 2002 թվականին արձանագրվեց լճի մակարդակի բարձրացում 45 սմ-ով : Լիճն այսօր ունի գրեթե նույն մակարդակը , ինչպիսին 1995 թվականին էր: Նախարարը, իհարկե չի ժխտում, որ այս հարցում բնությունն էլ դեր ունի, սակայն չմոռացավ շեշտել, որ լճի մակարդակի բարձրացումը նաեւ համապատասխան մարմինների աշխատանքի արդյունք է:

1998 թվականին լճից վերցվել էր 245 մլն խմ ջուր, 1999-ին 195 մլն, 2000 թվականին 188.5 , իսկ 2001-ի ՝ 158,5 մլն խմ: Այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 98,3 մլն խմ: Նախարարը կարծում է, որ հետագայում պետք է այնպես կազմակերպել աշխատանքները, որ ջրառը չգերազանցի 100 մլն խմ ծավալը:

Ընդերք

Վ. Ավազյանը խոստովանում է, որ երկար ժամանակ պատշաճ ուշադրություն չէր դարձվում ընդերքի պահպանությանը, կային թերություններ, օրինախախտումներ, մեծ էր ստվերայնությունը: 2001 թվականին կառավարությունն ընդունեց առաջնահերթ միջոցառումների ծրագիր: Նախարարության իրականացրած ստուգումների արդյունքում դադարեցվել է 86 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն, 81 հանքավայրերի վերաբերող նյութեր ներկայացվել են դատախազություն : Այս տարի բնօգտագործման վճարների տեսքով բյուջեի մուտքերն ավելացել են 1,3 մլրդ դրամով:

«Անտառ՝ առանց հատումների»

Այսպիսի գաղափարախոսություն է մտադիր որդեգրել նախարարությունը, այսինքն դադարել դիտել անտառը որպես եկամտի աղբյուր: Ըստ Վարդան Այվազյանի, նա առաջարկել է կառավարությանը ապագայում բյուջեից հանել անտառի շահագործումից նախատեսվող գումարները , դա պետության վրա կնստի մոտ 800 մլն դրամ:

Նախարարը պնդեց, որ հազվագյուտ ծառեր Հայաստանում չեն հատվում, որ վերահսկողությունը խստացել է, եւ որ կարեւոր է, ավելացել է ապօրինի ծառահատումների համար նախատեսված տուգանքը՝ նախկինում 1500 դրամի փոխարեն 100-150 հազ. դրամ: «Սակայն մի՞թե հնարավոր է ամբողջությամբ վերահսկել 338 հազ հա անտառային տարածք, երբ դրա կողքին էլ ապրում է 600 հազ. բնակչություն»,- հարց է տալիս նախարարը:

Եվ նորից եղեւնիների մասին

Ստեփանավանում գրանցվել է սոճիների հատման 2 դեպք, առգրավվել է 68 եղեւնի, Երեւանում առգրավվել է 143 սոճի, եղեւնու /նաեւ արծաթափայլ/ ավելի քան 100 ճյուղ : Առգրավված ծառերը բնապահպանության նախարարությունում են:

Նախարարը ասում է, որ երեւի դրանք կբաժանեն մանկատներին /, իսկ գուցե կտան տեսչության աչալուրջ աշխատակիցների՞ն, որպես պարգեւատրում՝ նախարարի հրամանի հաջող իրականացման համար՞՞/:

Հայտնի է, որ Վրաստանում նույնպես արգելված է եղեւնիների հատումը, այն էլ երկրի նախագահ Է. Շեւարդնաձեի հրամանով:

Իսկ Հայաստան եղեւնիները ներկրվում են Վրաստանից: Այս հանգամանքը նախարարին առանձնապես չի անհանգստացնում: «Մենք Վրաստանի հետ միջպետական պայմանագիր եղեւնիների համատեղ պաշտպանության մասին չունենք», ասում է Վարդան Այվազյանը: «Հիմա եթե մարդիկ ներմուծում են, ի՞նչ անենք, չթողնե՞նք, ասե՞նք մի բերեք»։

Ի դեպ

Ապրիլին Գեղամավանի դիտակետում կտեղադրվի Սեւանա լճից ջրի բացթողումները գրանցող նոր սարք : Այն պիտի տեղադրվեր դեռ հոկտեմբերին, սակայն մենք ինչպես միշտ փող չունեինք: Նախարար Այվազյանն ասում է, որ սարքն արդեն պատվիրվել է:

Սարքը հնարավորություն կտա Ինտերնետի միջոցով իմանալ, թե այդ պահին ինչքա՞ն ջուր է վերցվում Սեւանից:
Հրաշալի է, բայց արդյո՞ք այդ սարքը Հայաստանում կաշխատի կամ թույլ կտա՞ն, որ աշխատի :