Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԱՏ ԼԻՆԻ, ՔԻՉ ՉԼԻՆԻ

Տնտեսություն

ՀՀ ղեկավարները գոհունակությամբ սկսել են մատնանշել, որ այս տարվա ավարտին Հայաստանը նվաճեց եւս մեկ միջազգային կառույց ու դարձավ այդ կառույցի 56-րդ անդամ:

ՄԱԿ-ի մանդատը ստացած «Քիմբերլեյ գործընթացը» բացառում է միջազգային օրինական առեւտրում «կոնֆլիկտային» ապօրինի ադամանդի շրջանառությունը:

Հայաստանը մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի մինչեւ 2002 թվականի ավարտը ներգրավվի «Քիմբերլեյի գործընթացում»: Հակառակ դեպքում 2003 թվականի հունվարի 1-ից կզրկվեր 55 երկրի հետ ադամանդի առեւտրի հնարավորությունից:

Վերոհիշյալ անդամակցությունը ադամանդագործության բնագավառում որեւէ երկրի արտոնություն չի տալիս: «Օգուտն այն է, որ վնաս չունենք»,- ասում է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ակնագործության եւ ոսկեգործության վարչության պետ Գագիկ Մկրտչյանը:

Միջազգային այդ կառույցում ցանկացած որոշում ընդունվում է բոլորի համաձայնության միջոցով: Այսինքն` 56 երկրներից որեւէ մեկի «դեմ» կարծիքը վետո կդնի ընդհանուր որոշման վրա:

Դա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա ցույց կտա ժամանակը: Սակայն, ըստ էության, «Քիմբերլեյ գործընթացին» մասնակցելը Հայաստանին անհրաժեշտ չէր:

Հայաստանը ադամանդի մեծածախ առեւտրով չի զբաղվում, իսկ հանրապետության ներսում, ինչպես հավաստիացնում են, ադամանդի ապօրինի շրջանառություն չկա:

Ստվերային գործունեության առումով պարոն Մկրտչյանը խոստովանեց, որ ադամանդագործական ձեռնարկություններում կարող է չգրանցված լինել աշխատուժի որոշ մասը, այլ ոչ ադամանդները:

Հայաստանը պարզապես մտածում է ապագայի մասին, երբ 5 տարի հետո, ըստ մշակվող նոր կանոնակարգի, ակնագործության բնագավառում կդառնա առաջատար պետություններից մեկը եւ այստեղ կունենա ադամանդի մեծածախ առեւտրի կենտրոն:

Իսկ մինչ ադամանդ վերամշակող երկիրը ադամանդագործության բնագավառում աշխարհում կգրավի առաջին տեղը, այսօր մեր ադամանդագործները հավատացած են, որ գտնվում են առաջին տասնյակում: Այդ աշխատանքային շղթայից Հայաստանում մնում է միայն այն գումարը, որը ստացվում է վերամշակման ժամանակ: Այսինքն` ընդհանուր գումարի 15-20 տոկոսը:

Այս տարվա ցուցանիշներով Հայաստանում վերամշակվել է 150 մլն դոլարի ադամանդ, ՌԴ-ից առ այսօր ներկրվել է 366 հազար կառատ հումք, թեեւ պայմանագրով նախատեսված էր ավելի շատ:

Պարոն Մկրտչյանի հավաստմամբ մինչեւ տարվա վերջ Հայաստանը կարող է ներկրել նաեւ պայմանագրով նախատեսված հումքի մնացած բաժինը:

Ինչ վերաբերում է այս ոլորտում ներդրողների կողմից, այսպես կոչված, էժան աշխատուժի շահագործմանն, ապա ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ակնագործության եւ ոսկեգործության վարչության պետն ակնարկում է. «Եկեք պարզ ասենք, որ յուրաքանչյուր բիզնեսմենի նպատակը շահույթ ստանալն է, այլ ոչ բարեգործություն անելը»:

Պարոն Մկրտչյանը կարծում է, որ Հայաստանի բնակիչների համար արդեն բարեգործություն է, երբ օտարերկրացիներն այստեղ բացում են 1000 աշխատատեղ:
«Բիզնեսմենն ավելի բարձր աշխատավարձ չի տա, եթե նրա կողքին աշխատող նմանատիպ ձեռնարկությունում վճարում են 50-60 դոլար»:

Սակայն Թալինի նորաբաց ադամանդ վերամշակող ձեռնարկությունում աշխատավարձերն ավելի ցածր են, քան, օրինակ` Նոր Հաճընի նմանատիպ գործարանում: Իսկ օտարերկրյա գործարարները գոհ են, թե ինչպես են հայերը մոտենում իրենց աշխատանքին:
«Ադամանդի վերամշակումը հայի մոտ ավելի լավ է ստացվում, քան օրինակ վյետնամցու մոտ»: