Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉՔԱՆ ՓՈՂ ՊԵՏՔԱ, ՈՒՆԵՆՔ

Տնտեսություն

Ոռոգման ջրի ոլորտը բարեփոխելու համար «ինչքան փող պետք ա, էդքան փող ունենք», հայտարարեց ՀՀ ջրտնտպետկոմի նախագահ, վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը` ՀՀ ոռոգման համակարգերի կառավարման կառուցվածքային բարեփոխումները Հայաստանում խորհրդաժողովի ժամանակ:

ՀԲ -ը վարկ է տրամադրել, որպեսզի ստեղծվեն ջրօգտագործողների ընկերություններ եւ ջրօգտագործողների ընկերությունների միություններ: Դա նշանակում է, որ գյուղերում, նույն ջրաղբյուրից օգտվող հարեւան գյուղերը միավորվելով կստեղծեն ջրօգտագործման ընկերություններ եւ պետական կառավարման «Ջրային տնտեսություն» փբը- ից պայմանագրով կգնեն ջուր:

Գագիկ Մարտիրոսյանի հավաստմամբ գյուղերում կլինեն ներդրումներ, քանի որ կառավարությունը ֆինանսական հարցերը լուծել է:

Ինչ կշահի գյուղացին նոր օրենքից: Վարչապետի խորհրդականի հավաստմամբ կվերականգնվի քայքայված համակարգը, կպակասեն ջրի կորուստները, ջրի արդյունավետությունը, անխափանությունը կվերականգնվի, ինչն էլ հնարավոր է ազդի ոռոգման ջրի սակագնի վրա:

Ջրի ինքնարժեքն այսօր 1խմ միջինը 8 դրամ է, թեեւ մարզեր կան, որտեղ ջրի սակագինը հասնում է մինչեւ 25-ից 30 դրամի: Բարեփոխումների ամբողջ գործընթացը կավարտվի 2005 թվականին: Այսօր Գագիկ Մարտիրոսյանը ազդարարեց գործընթացի սկիզբը:

Նախկինում ոռոգման ջրի համակարգը ղեկավարում էին 5 ձեռնարկություններ: Ոռոգում փբը-ն, որը սպասարկում էր 13 համակարգեր, Ջրամբար կազմակերպությունը, Դրենաժ, Ջրառ եւ Ջրմուղ կազմակերպությունները: Այդ 5 կազմակերպությունները շատ խոշոր էին, սակայն աշխատում էին ոչ արդյունավետ կառավարման մոդելներով: Կազմակերպությունները ջրի հաշվառումը նույնիսկ միմյանց հետ չէին համակարգում, որի պատճառով հսկայական պարտքեր են կուտակվել, ասում է ՀՀ ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ԾԻ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը:

Ոռոգման համակարգի բարեփոխումներն սկսելու համար կառավարությունը մարել է գյուղացիների կողմից ոռոգման ջրի դիմաց կուտակված 47 մլն դրամ պարտքը: Գագիկ Մարտիրոսյանը նշեց, որ իրենք այդպիսի քայլի վերջին անգամ են գնում, եւ եթե գյուղացիները եկող տարի էլ չվճարեն իրենց պարտքերը, ապա նրանք ստիպված կլինեն գործ ունենալ կառավարության հետ: